Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Եթե այսպես գնա, մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Իշխանությունը հայագիտության ոլորտում ապազգային քաղաքականություն է վարում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

«Հարկ եմ համարում նշել, որ հայկականության դեմ արշավն այսօր չէ, որ մեկնարկել է։ Միգուցե այսօր ավելի տեսանելի է դարձել, բայց արշավը երկու տարի շարունակ տեղի է ունենում։ Դրա մասին թե՛ ՀՀԿ-ն, թե՛ անձամբ ես բարձրաձայնել ենք դեռևս 2018 թվականի հունիսին՝ Խորհրդարանում, երբ որ նոր կառավարությունն իր ծրագիրն էր բերում։ Այնտեղ հստակ նշվեց իմ կողմից, որ հայագիտության մասին որևէ բառ չկա»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ռազմավարությանը՝ Շարմազանովն ասում է

«Եթե 2007 թվականի ազգային ռազմավարության հետ մենք համեմատենք, ապա երկու շատ կարևոր տարբերություն կա՝ 2007 թվականի ռազմավարության մեջ Արցախի Հանրապետություն է նշված, իսկ այս՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանի ռազմավարության մեջ Հանրապետությունը բացակայում է։ 2007-ի ռազմավարության մեջ հստակ որպես արժեք նշված է հայապահպանությունը, Փաշինյանի ռազմավարության մեջ հայապահպանությունը գոյություն չունի»։

 Մասնագիտությամբ պատմաբան ՀՀԿ խոսնակը հիշեցնում է՝ Հայոց պատմության երկու հիմնական ամբիոն կա՝ մեկը ԵՊՀ-ում, մյուսը՝ ՀՊՄՀ-ում, բայց որևէ մեկի պաշտոնական կարծիքը ներառված չէ Հայոց պատմության դասագրքերի կազմման հարցում։ Նա մատնանշում է իր կողմից արձանագրված մի շարք բացթողումներ

«Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, բայց նախագծի չափորոշիչներում Հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիա տերմինով։ Այսինքն՝ եթե այսպես գնա, մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ, ինչպես թուրքերն են անվանում, հետո Երևանը՝ Էրիվան... դրա՞ն ենք գնում»։

Շարմազանովը պնդում է՝  1914 թվականի Առաջին աշխարհամարտի տարիների կամավորական շարժումների մասին որևէ տող գրված չէ.

«Այսինքն՝ ո՛չ Անդրանիկ է եղել այդ ժամանակաշրջանում, ո՛չ Դրո, ո՛չ Նժդեհ, ո՛չ Քեռի, ո՛չ Վարդան, ո՛չ Հայկ Բժշկյա՞նց, եղել են իրենք ու իրենց Նիկոլա՞յը, այդպես ո՞նց կլինի։ Ինչո՞ւ պիտի այսպես լիներ»։

Շարմազանովը համոզմունք ունի, թե գործող իշխանության մեկ օր ավել պաշտոնավարումը հարված է մեր ազգային արժեքներին։

ՀՀԿ խոսնակը հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս ասում է՝ Նիկոլ Փաշինյանը դրանք փչացրել և զրոյացրել է

«Պարոն վարչապետը իր ապաշնորհ քաղաքականությամբ հասավ նրան, որ մենք դարձել ենք «իզգոյ», օտար ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ նաև ամեն տեղ»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, Շարմազանովը համոզված է՝ շարունակվում են քաղաքական ռեպրեսիաները քաղաքական ուժերի ղեկավարների և անդամների հանդեպ․

«Մենք ակնհայտ տեսնում ենք իշխանության ձեռքը ԲՀԿ-ն քանդելու, մասնատելու ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ իմ գործընկերների նկատմամբ նոր շինծու քրեական գործեր են սարքվում»։

Շարմազանովը հայտարարեց, թե իշխանափոխությունից հետ իշխանության գալու են ազգային ուժերը․

«Իրական այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին նրանք են, ովքեր ի սկզբանե եղել են այս իշխանության գաղափարական հակառակորդը։ Այսօրվա ընդդիմությունը բազմաբևեռ է, և ընդդիմության շրջանում մի քանի կենտրոններ կան և համախմբումը պետք է լինի ոչ թե ընդդեմ Նիկոլի, այլ հանուն ազգային ու քրիստոնեական Հայաստանի, պետք է լինի ծրագիր»։

Շարմազանովի խոսքով՝ համախմբվողներից ամենաառանցքայիններից մեկը լինելու է «Հանրապետականը»։