Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննություն
A A
Հասարակություն

Ընդունվեց նա, ով ծանրութեթեւ էր արե՞լ

Այս տարի բուհական ընդունելությունը ընդամենը մեկ քննությամբ էր, բայց հետքննական կրքերն ակնկալածից ավելի թեժ էին։  Թեեւ արդեն հայտնի են ապագա ուսանողները, սակայն իրավիճակը չի հանդարտվում եւ տեղափոխվում է դատարան։ Արդյո՞ք խնդիրը միայն ընդունելության կարգի փոփոխությունն էր։ Հիշեցնենք, որ ըստ նոր կարգի՝  ընդունելության մրցույթն անցկացվում է առաջին տողով ընտրված մասնագիտության` անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:  Դիմում-հայտում հայտագրված մյուս բաժիններ  նրանք կարող են ընդունվել, եթե առկա են թափուր տեղեր:

 

   Առաջին հայտով չընդունվածները

1. Էվելինա Նազարեթյան.jpg (69 KB)

Էվելինա Նազարեթյանը  դեռևս 7-րդ դասարանում է  որոշել , որ պետք է իրավաբան դառնա. «Իմ երազանքների մասնագիտությունն է։ Ուրիշ տեղ ինձ չէի պատկերացնում»,-ասում է նա։ Էվելինան  պատմություն առարկայից ստացել է 18,5 միավոր եւ չի ընդունվել նախընտրած բաժինը։ Ասում է՝ շատ հիասթափված էր, երբ պարզեց, որ չի ընդունվել նույնիսկ երկրորդ  հայտով՝ միջազգային հարաբերությունների բաժինը․ «Երբեք չէի մտածի, որ բարձր միավորով ինձ հնարավություն չեն տա սովորելու բուհում»։ ԿԳՄՍՆ-ին հասցեագրված դիմումից հետո՝ նրան հնարավորություն է տրվել սովորել  միջազգային հարաբերությունների բաժնում։

Անդրադառնալով այս տարվա քննական պրոցեսին՝  նա խնդրահարույց  է համարում նաև միայն մեկ քննություն հանձնելը։ Մոտավորապես մի տարի պարապել է պատմություն, հայոց լեզու և անգլերեն:

Ըստ նրա՝ մեկ քննությունը չի կարող հստակ ցույց տալ մարդու գիտելիքները։   Ի դեպ, եթե  իրեն  հնարավորություն չտրվեր երկրորդ հայտով ընդունվելու, որոշել էր՝ չի ընկճվելու՝  կընդունվի հեռակա բաժին՝  ցույց տալու համար, որ ինքը արժանի ուսանող է։

Մեր հաջորդ զրուցակիցը  խնդրում է  անունը չհրապարակել, քանի որ դատարան է  դիմել։  Նա եւս պատմության քննություն էր հանձնել։

Ասում  է՝   ո՛չ ԿԳՄՍ նախարարի ուղիղ հեռարձակումներում, ո՛չ dimord.am կայքում ակնհայտ և հասկանալի ձևով չի նշվել ընդունելության պայմանների կարևոր կետերը, մասնավորապես՝ 58-րդ կետով նախատեսվող փոփոխությունը, ըստ որի՝ դիմորդը պետք է ընդունվի համալսարան միայն առաջին տեղով նշած մասնագիտությամբ: 

Դիմորդը կարծում է, որ այս իրավիճակից կարելի էր խուսափել, եթե դիմորդներին այդ կարևոր փոփոխության մասին լրջորեն և հասկանալի ձևով իրազեկեին: Այդ դեպքում նրանք չէին նշի այն բաժինը, որտեղ դժվար է ընդունվել, այլ կընտրեին այն, որտեղ նրանց ուժերն ու միավորներն ավելի մրցունակ են: 

 

Ճիշտ են գնահատել հնարավորությունները

3. Մարե Մինասյան.jpg (138 KB)

Մարե Մինասյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության բաժին՝ այս տարվա «ամենախնդրահարույց» ֆակուլտետներից մեկը: 

Մեկ ու կես տարի պարապել է հայոց լեզու, անգլերեն և հայոց պատմություն:

«Երբ իմացա, որ մեկ քննություն ենք հանձնելու, ինչ խոսք, մտահոգվեցի, որովհետև նախկինում երեք քննությունների արդյունքներով դիմորդները կարողանում էին ուղղել գնահատականները, իսկ այս պարագայում մեր հնարավորությունը խիստ սահմանափակ էր», - կիսվում է Մարեն: 

Նա նաև գիտակցում էր, որ մրցակցությունը բավականին դժվար է լինելու, մանավանդ, երբ բաժնում 503 դիմորդ էր հայտագրվել:
«Բայց միաժամանակ ունեինք 2 ամիս մեր ողջ գիտելիքները և նախկինում 3 առարկաներին տրամադրած ժամանակը կենտրոնացնելու մեկի վրա», - ասում է  Մարեն: 

Նա  նշում է, որ պետք է հայտ լրացնելուց առաջ ճիշտ գնահատել սեփական ուժերը: 

«Մեկ քննությունով  բուհ  ընդունվելը, մանավանդ ամենապահանջված ֆակուլտետներում, արդեն իրենից մեծ մրցակցություն և բարձր անցողիկ շեմ է ենթադրում: Եթե դիմորդը նախքան քննությունը իր ուժերը գնահատում է 15-16 միավորի շրջանակներում և հետո վստահորեն առաջին հայտ ներկայացնում է իրավագիտություն բաժնի համար, պետք է պատրաստ լինի հետևանքներին», - ասում է նա:

Նա նաև չի ընդունում, երբ շահարկում են 7-9 բալ ստացած և ընդունված դիմորդներին, քանի որ կարծում է, որ նրանք նույնպես կարող են համալսարանում բարձր մասնագիտական որակներ ցուցադրել՝ չնայած ցածր միավորին. «Մնացածների գնահատականներից կառչելու, հնարավոր անցողիկ շեմեր ենթադրելու փոխարեն պարզապես կարելի է զարգացնել սեփական գիտելիքները և առավելագույնս գերակատարել սեփական մասնագիտությունով առաջ գնալու խնդիրը»:

 

4 Նոնա Անտոնյան.jpg (248 KB) 

Իրավագիտության բաժին ընդունվել է նաև Նոնա Անտոնյանը: Նրա համար դա կյանքում ամենաբարդ որոշումներից էր. «Շատ մասնագիտություններ եմ փորձել ընտրել, բայց կյանքումս հանդիպեցի անարդարության ու հասկացա, որ ուզում եմ լինել այնպիսի մեկը, ով կկարողանա գոնե մի փոքր արդարություն սահմանել մեր երկրում։ Օրենքը ինձ համար շատ կարևոր է։ Ու նաև իմ բնավորության գծերն ինձ օգնեցին կողմնորոշվել»: 

Նշում է, որ քննության անցկացման կարգի մեջ անարդարության հարց չի տեսնում. «Միասնական քննության արդյունքների հետ հաշվել են նաև ոսկե մեդալի առկայությունը կամ օլիմպիադաներից կարգ բերելը: Ըստ իս՝ մեկ քննության պարագայում  արդարացի որոշում էր»: 

Նա նաև չի բողոքում , որ ստացել է  բարձր միավոր, բայց չի ընդունվել անվճար բաժին. «Քանի որ դիմորդները շատ էին, այսինքն՝ 140 տեղի համար 502 դիմորդ կար, իսկ անվճար տեղերի քանակը ընդամենը երկու տեղ, ուստի անվճարը անհնար էր դառնում»: 

 

  «Մեր աշակերտները սովոր չեն կրել պատասխանատվություն իրենց իսկ որոշումների համար» 

 

2. Հրաչ Արզումանյան.jpg (224 KB)

«Ֆլեքս» ծրագրի շրջանավարտ և Ամերիկյան համալսարանի ապագա ուսանող Հրաչ Արզումանյանը կարծում է, որ այս իրավիճակում մեղավոր են  նաեւ դիմորդները։

«Մեր աշակերտները սովոր չեն մինչև վերջ կարդալ, տեղեկանալ և կրել պատասխանատվություն իրենց իսկ որոշումների համար: Բոլոր քննաթերթիկների ստորին մասում ստորագրել են «Ծանոթ եմ քննության կարգին» տողի տակ, պետք էր լուրջ վերաբերվել դրան», - ասում է նա: 

Ըստ նրա՝ այս պահին աշակերտները մեղավորներ են փնտրում՝ չընդունելով սեփական սխալները: Հրաչը խորհուրդ է տալիս երկար մտածել, ծանր ու թեթև անել՝ դիմումը հաստատելուց առաջ, իսկ ներկայումս օգտվել թափուր տեղերից կամ դիմել մասնավոր բուհեր: 

Ընդհանրապես, նա առաջարկում է լուրջ վերանայել թեստերի ձևաչափը, հատկապես՝ լեզուների դեպքում, քանի որ դրանք չեն ստուգում դիմորդի իրական գիտելիքները լեզվից, այլ այն, թե ինչ է նա անգիր արել: