Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20200522_142044
A A
Հասարակություն

Ինքնամեկուսացում՝ տատիկի շնչառական սարքին միացած

Թոռնիկի  օրագրից

Ծննդյան տարեդարձիցս առաջ ես մտովի պահարանում տեղ եմ ազատում։   Մարիա  տատս ամեն տարի ծնունդիցս մեկ շաբաթ առաջ   պատրաստվում է ինձ համար զգեստ գնելու։ Սիրելի  թոռնիկի համար շոր գնելն այդքան էլ արագ ու հեշտ չէ, եւ այս դեպքում քմահաճը բնավ էլ ես չեմ։

Զգեստը  պիտի թանկ լինի, տատիկի թոշակի գոնե մեկ-երրորդի չափով,թանկ է, ուրեմն որակով է․ տատիկը չի գնի «ստից բան»։ Կտորը՝ պարտադիր ժամերով արդուկվող, բամբակյա, կարը՝ համաչափ, գույնը՝ խամրած չլինի։  Իր ձևակերպմամբ՝ մի կարգին շոր, ոչ իմ ունեցած «լեն-լփոշ» զգեստների պես։

Բոլոր նվերներից զատ, ինձ համար տատիկի՝ շոգին խանութներից ընտրած զգեստը առանձնանում է։ Իմ մտքով էսքան տարի չի էլ անցել չհավանել, որովհետև ինձ համար փոքրուց տատիկի ճաշակովն իմ ճաշակովն է։ Տատին վատ բան չի ընտրի։ Վերջին տարիներին սրտնեղում էր, որ չափսի հարցում կարող է սխալվել։ Կասկածով  էր ընդունում, երբ ասում էի՝ այ տատ, չգիտե՞ս, որ ինձ համար դու երբեք չես սխալվում։

Այս տարի ծնունդիս նախորդող շաբաթը տատս չգնաց գնումների։ Տատս հիվանդանոց գնաց։ Կամ էլ՝ տարան։    Աստվածամոր անունը կրող տատիկս վարակվեց վիրուսով, որից խոսում է ամբողջ աշխարհը առանց ընդմիջելու։

Ես տանը նստած հետևում եմ թվերին, զայրանում, որ մարդիկ չէին հավատում,  ոտքը քարին չդիպելու համոզմունքով ինչ ուզում՝ անում, ոնց ուզում՝ շնչում։

Իսկ տատիկս շնչում էր շնչառական սարքի օգնությամբ․․․ ոչ իր ուզելով։

Զգում էի, որ ինքնամեկուսացել եմ տատիկի շնչառական սարքի մեջ։ Առանց արդուկելու իմ լեն-լփոշ շորերը հագնում ու վազում էի գործի՝ աշխատելու զրո ցանկությամբ, մամայի, մորքուրի, քեռիի զանգի սպասումով։

Ինձ ճանաչող մարդիկ գիտեն՝ ոնց եմ պաշտում ծննդյանս օրը, ոնց եմ սպասում,  հաշվում օրերը։   Ինձ մտերիմ մարդիկ այս տարի առաջին անգամ կասկածեցին, որ սպասում եմ կամ ոգևորված եմ, որ ծնունդս մոտենում է։

Մինչև Մարիա տատիկս հիվանդանոցում էր, տանն էլ պապիկս էր պայքարում հիվանդության դեմ։ Դե, «այր ու կին՝ մի մարմին» հո իզուր չեն ասում։ Տատս հիվանդանար, ու պապս պակաս մնա՞ր։

Տատիկի հիվանդանոցում լինելու օրերին պապս ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակեց։ Հարություն  պապիկս առաջին անգամ էդ օրերին Աստծո անունը տվեց։ Համենայն դեպս ես իմ ականջներով առաջին անգամ լսեցի, որ պապիկն ասաց՝ «ամեն ինչ Աստծո ձեռքում ա»։

 Սովետի անհավատությունը ամուր պահող պապս մի պահ հայացքը դարձրեց վեր։ Անճարությունից մարդիկ գտնում են ոչ շոշափելի հենարաններ։  Մինչ տատս շնչառությունը մի քիչ կարգավորել ու արդեն հիվանդանոցի բուժակներից սուրճ էր խնդրում, պապս ոտքի կանգնեց։ Սկսեց բառ փոխանակել միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ կինը լավ է ու ի վիճակի իր հետ հեռախոսազրույցի։

«Մար, էսօր հեռուստացույցով ասացին, որ համբույրի միջազգային օրն ա․ համբույրներ եմ ուղարկում»,-ասաց պապս հեռախոսով ու դա եղավ ինձ համար ամենասիրուն ձևակերպումը 70-ամյա ամուսնու կողմից։

Կորոնավիրուսը դրական կողմ էլ ունի փաստորեն։Իմ ապրումները  անպատմելի էին։ Տատիկս նույն օրվա մեջ հազար անգամ կարող էր վատ զգալ, հիվանդանոցից ոչ մի տեղեկություն չէին հայտնում, ու մենք բարեկամ-ծանոթ կապի միջոցով էինք իմանում։ Ամենավատը թերևս դա էր։ Անձամբ բախվեցի անտեղյակության եւ անորոշության հետ, հատկապես այն օրերին, երբ ասում էին՝ մայրաքաղաքի հիվանդանոցներում արդեն տեղ  չկա։

Երբ տատիկիս որոշեցին Երեւանից տեղափոխել մարզի հիվանդանոց՝  բուժումը շարունակելու, ես հագուստ ու անհրաժեշտ մի քանի իր վերցրած վազեցի  հիվանդանոց։ Թվում էր՝ կգնամ, կտամ, տատիկին կփոխանցեն, որ իր հետ կտանի մյուս հիվանդանոց։

Գնացի շնչակտուր, լացակումած, որովհետև միտքը, որ կարող է չհասցնեմ ու տեղափոխող մեքենան շարժվի, իրոք  արտասվելու էր ։ Հասա տեղ ու ոստիկանների անտեղյակությունը, ընդունարանի՝ «դեռ չեն տեղափոխել» ու տատիկի՝ հեռախոսով ասված՝ «արդեն շարժվեցինք, բալես» իրար հակասող այս նախադասություններից ոտքի վրա կանգնել չկարողացա։

Էդ մի քանի շաբաթվա ընթացքում հազիվ ես տարբերակ ունեի մի բանով օգնած լինելու ու սիրտս հովացնելու։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին էդ անտեղյակության, խառնաշփոթի կամ անհամապատասխանության համար։

 Ես մեղադրում եմ ինձ, որ չհասցրի տատիս տանել իր շորերը։ Մարիա տատիկս ինձ համար ամեն տարի ծնունդիս նախորդող շաբաթը շոր ընտրի, փաթեթավորի, սիրուն տա ինձ, էս մի անգամ էլ իմ հերթն էր,  ու ես նույնը  անել չկարողացա։

        Ինքը չիմացավ, որ ես ժամերով լաց եղա հիվանդանոցից տուն ճանապարհին։

Տատս զանգեց ծնունդիս հաջորդ օրը, հունիսի 22-ի փոխարեն 23-ին շնորհավորեց, ասաց՝ էսօր ա չէ՞, ասացի՝ հա, տատ ջան։ Տատս երբեք չի սխալվում, երբ ուզի՝ էդ օրն էլ կլինի իմ ծնունդը։

Տատս արդեն առողջացած տանն է, ու իմ համար ամեն օր արդեն ծնունդ է․ կորոնավիրուսը ծանր տարած հիվանդի հարազատն հաստատ ինձ կհասկանա։

 

     Միլենա Բարսեղյան

Լրագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

(Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան)