Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ուզում եմ Բաղանիսից աղջիկ գտնել տղայիս համար, որ գա, ամուսնանա ու էլ չգնա»

«Բաղանիսն ինձ համար խաղաղություն  ու  հաշտություն  է, մինչև կյանքիս վերջն այստեղ եմ մնալու»,-ասում է Բաղանիսի 56 -ամյա բնակիչ Սոնա Ալավերդյանը։

  Ասում է, որ չի եղել մի շրջան, որ ուզենա հեռանալ գյուղից։ Նույնիսկ, երբ  կրակոցներն ամեն օր  էին հնչում։

«Կրակոցների ժամանակ տղաս երևի 40 օրական էր, 10 օր մնացել ենք գոմում »,-պատմում է նա։  

Չի կարողանում մոռանալ ընկերուհու  կորուստը. «25 տարի առաջ ընկերուհիս դուրս է գալիս երեխային կանչելու, այդ պահին դռան շեմին կրակել են ու մահացել ա։ Ամենածանր ու ամենաանմեղ կրակոցը դա է եղել ինձ համար, որը մոռանալ չեմ կարող»։

Մինչև 90-ական թվականները  նա  աշխատել է մանկապարտեզում, սակայն այն  փակվել է, որովհետև մոտ է եղել սահմանին։

Վերջին տարիներին չի աշխատում, բուժօգնություն է ցույց տալիս գյուղացիներին՝ հիմնականում անվճար կամ փոքրիկ նվերների դիմաց։

Գյուղում  հիմնական  խնդիրն  աշխատատեղի  բացակայությունն է ։

 «Ամուսինս ու տղաս ՌԴ-ում են, բայց ես չեմ գնում։ Ուզում եմ այստեղից էլ աղջիկ գտնել տղայիս համար, որ գա, ամուսնանա ու էլ չգնա»,- ասում է  նա։

Տարիներ շարունակ Ալավերդյանների ընտանիքի ապրուստի միջոցը եղել է ամուսնու աշխատանքը՝ ճանապարհներ սարքելն ու անասուն պահելը, բայց տարիքի պատճառով՝  ամուսինն այժմ չի կարողանում ֆիզիկական աշխատանքով զբաղվել ու մեկնել է ՌԴ՝ որդուն օգնելու։

Չնայած միայնակ ապրելուն, կենցաղային դժվարություններին ու կրակոցներին, տիկին Սոնան երբեք չի մտածում դուռը կողպելու, Բաղանիսից գնալու մասին,ուր եկել է 40 տարի առաջ։

«Բա եթե ես կոտրվեմ, գնամ, մյուսը գնա, մեր զինվորի թիկունքում ո՞վ կմնա։ Մեկ-մեկ ասում եմ ինչ եկել եմ Բաղանիս, սկսել եմ ապրել ուրիշների համար, իմ մասին չեմ մտածել, երևի ճիշտն էլ հենց էս ա»,-ասում է նա։