Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանություներն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ որևէ քրեական հետապնդում իրականացնել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ իր դեմ հարուցված քրեական գործով։ 

«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար։ Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց, հարգելով ինստիտուտը, այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ լրագրողների հետ զրույցում։ Ըստ նրա՝ նախապատրաստվող գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի։

«Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործ է։ Վերջին ամիսների ընթացքում իշխանություներն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ գործունեությունը»,-  լրագրողներին ասաց  Արթուր Վանեցյանը։ 

Մեղադրանքը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը։ 

2018 թվականին ԱԱԾ նախկին աշխատակիցներից մեկի աշխատանքը վերականգնվել է, իսկ ,  ըստ ԱԱԾ-ի,  դրա իրավունքը չկար։

«Երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը և այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը»,-ասաց նա։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ առաջիկայում բոլոր քաղաքական ուժերի անհատների հետ կունենա հանդիպումներ, այդ թվում նախկին նախագահների։

Նրա համոզմամբ՝ առաջիկայում լինելու են ակտիվ քաղաքական գործընթացներ․

«Իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով իրենց աշխատանքները և այսօր այդ բոլոր գործերը կարգավորելու փոխարեն իշխանությունները քաղաքական ընդդիմախոսների լռեցնելով են զբաղված»,- ասում է Արթուր Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով ` Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու փորձը հստակ քաղաքական հետապնդում է։

«Ինձ համար շատ զարմանալի է այս հանգամանքը, որովհետև քրեական օրենսգրքում չկա նման նորմ և նույնիսկ եթե լիներ, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չէր կարող»,-ասում է փաստաբանը

Նա հաստատում է, որ պատասխանատվության ենթարկելու որևէ հիմք չկա, քանի որ իրավունք ունեն հինգ տարվա ընթացքում վերականգնել աշխատակցի աշխատանքը։ Նշում է, որ այս աշխատակցի աշխատանքի շնորհիվ շատ լուրջ գումարներ են վերականգնել։

«Եթե իբր իրավական հայտարարված պետությունը լրիվ ծաղրի օրենքը, չի բացառվում, որ մեզ նորից հրավիրեն, կարգավիճակ տան Արթուր Վանեցյանին»,֊ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը։