Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մխիթարյանն օգնեց «Ռոմային» հաղթել «Տորինոյին» և մտնել Եվրոպայի լիգա

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Հռոմի «Ռոմայի» «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակին:

Մեր ֆուտբոլիստը հանդիպման արդեն 16-րդ րոպեին հաշվենկատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց իր խաղընկեր Էդին Ջեկոյին, որը հավասարեցրեց հաշիվը, քանի որ տանտերերը շատ արագ բացել էին այն: Հետագայում «Ռոման» ևս երկու գոլ խփեց և շոշափելի առավելություն ստացավ: «Տորինոյին» հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

«Ռոման» 3:2 հաշվով հաղթելով մրցակցին, վաստակեց 67 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ գրավեց 5-րդ տեղը, ինչը Եվրոպաի լիգայի ուղեգիր տվեց թիմին:

Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց մինչև 90+2 րոպեն, որից հետո փոխարինվեց տակտիկական նկատառումներով:

«Ռոման» իր վերջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին: Այդ օրը հռոմեացիները կհյուրընկալվեն Իտալիայի նորընծա չեմպիոնին՝ Թուրինի «Յուվենթուսին»: