Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Պապիկյան
A A
Քաղաքականություն

 Դատարանը շրջադարձային  որոշում է կայացրել․ Արայիկ Պապիկյան

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը աննախադեպ  որոշում է կայացրել։

      Դատավորը ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը,  եւ պարտավորեցրել վարույթն իրակացնող մարմնին  տրամադրել  գործի նյութերը։

   «Սա շրջադարձային որոշում է, սա միայն Արթուր Ղազարյանի գործը չէ։ Իրավունքի զարգացման տեսանկյունից դատավորը լուրջ քայլ է կատարել»,- ասում  է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

 Ըստ նրա՝  այս կերպ լուծվում է կարեւոր մի հարց․

   «Տեւական ժամանակ մեր իրավապահ մարմիններում, քննչական մարմիններում, դատախազությունում եղել է  կայուն ձեւավորված պրակտիկա, նախաքննության  գաղտնիքի  անվան տակ գործի նյութերը չտրամադրելը»։  

Արայիկ Պապիկյանը համոզված է՝  որոշումն օգտակար է լինելու ոչ միայն այս գործի, այլ նաեւ մյուս նմանատիպ գործերի համար․   

  «Քրեական գործով  մեղադրանքի կողմ լինելով եւ  տուժողը,  եւ դատախազը շատ հաճախ դատարանում երկու հակադիր կողմերում են հայտնվում։ Միայն  Արթուր Ղազարյանի գործով  6 տարբեր վարույթներ կան դատախազության դեմ»։

Դատախազությունը չի բողոքարկել դատարանի որոշումը եւ այն մտել է օրինական ուժի մեջ։

Քննիչն էլ տուժող կողմին արդեն տրամադրել է գործն ամբողջ ծավալով։  7 հատորանոց գործի նյութերին ծանոթանալով՝ տուժող կողմը մի շարք հանգամանքների շուրջ պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել։

Ըստ գործի նյութերի՝ 2010  թ. դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 4:30-ի սահմաններում ծանր և անգիտակից վիճակում զինծառայող Արթուր Ղազարյանին տեղափոխել են Հադրութի բժշկական կենտրոն։ Այնուհետեւ ուղղաթիռով Երևան, իսկ ժամը 19:00-ի սահմաններում վիրահատել Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։ Դեկտեմբերի 21-ին ժամը 00:30-ին հոսպիտալում գրանցվել է հիվանդի մահը։ Ըստ  փորձագետի եզրակացության՝  Արթուր Ղազարյանի մոտ ախտորոշվել է  գլխուղեղի խառը անոթային մալֆորմացիա։ Սակայն  հենց սկզբից ծնողները կասկածել  են՝ իրենց որդուն սպանել են, հակառակ դեպքում դիահերձման ընթացքում կարող էին նկարել ուռուցքը եւ դա ցույց տային հարազատներին։