Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՔԿԾ համակարգում պայքարում են քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ

Այսօր՝ հուլիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի հանձնարարությամբ Ծառայության պետի օպերատիվ գծով աշխատանքները համակարգող նորանշանակ տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները, այցելություն է իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ճանաչողական շրջայց է կատարել հիմնարկի ողջ տարածքում, հետևել կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող զբոսանքի կազմակերպմանը, ինժեներատեխնիկական սարքավորումների շահագործմանը, ինչպես նաև հիմնարկի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված մյուս գործառույթների իրականացմանը:

Այնուհետև Ծառայության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը հիմնարկի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է հիմնարկում ներքին կարգապահական կանոնների պահպանման վիճակին և վարչակազմի ծառայողական պարտականությունների կատարման գործընթացին: 

Առանձնահատուկ կարևորելով քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության էական բարձրացումը` Ծառայության պետի տեղակալը հատուկ քննարկման առարկա է դարձրել օրերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացահայտված դեպքը, երբ ծառայության ավարտից հետո հիմնարկի բնակելի հատվածից դուրս եկող քրեակատարողական 2 ծառայողների մոտ նույն հիմնարկի օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել էին տարբեր տեսակի ծխախոտի 17 տուփ և ազատությունից զրկված անձանց հիմնարկի կողմից հատկացված 25 օճառ։ Քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվող նյութերին զուգահեռ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները նախնական հիմք են տալիս եզրահանգելու, որ քրեակատարողական հիշյալ ծառայողներն այդ ապրանքանյութական արժեքներն ստացել են առանձին կալանավորված անձանցից և դատապարտյալներից վերջիններիս օգտին իրենց լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու  կամ չկատարելու դիմաց։

Արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը հիշյալ դեպքով բացահայտված փաստական հանգամանքների շուրջ կատարված քննարկումների արդյունքներով  քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ նպատակաուղղված պայքարն արմատապես բարելավելու և հետևողական ակտիվացնելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ և կողմնորոշումներ է ներկայացրել հիմնարկի ղեկավար անձնակազմին` մեկ անգամ ևս շեշտադրելով Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավարության որդեգրած քաղաքականության հստակ պահանջը կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորումներից և քրեակատարողական ծառայողի բարի համբավը նսեմացնող արատավոր գործողություններից կտրականապես զերծ մնալու վերաբերյալ։ Ծառայության պետի տեղակալի կողմից կարևորվել է նաև բացահայտված նման դեպքերի հանրայնացումը և դրա միջոցով հակաօրինական այլ արարքների կանխարգելումը։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության արդյունքները քննարկվել են նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, որի ընթացքում ևս հանգամանալից վերլուծվել են այդօրինակ արարքների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, դրանք հետևողական բացահայտելու և բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումները։ Քննարկման արդյունքներով նպատակահարմար է դիտվել քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու, օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը խստորեն պահպանելու, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ փոխգործակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված ավելացնել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի հաստիքային միավորները։

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին