Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Հասարակություն

Բուհ չընդունվածները Աժ-ում էին (տեսանյութ)

«Էդ ո՞նց եղավ, որ կեսը գիտեին, կեսը չէ»,- բուհ չընդունված դիմորդների հետ հանդիպմանն ասում  է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Նրանց հետ ԱԺ-ում հանդիպմանը նա շարունակում է.

«Դիմորդն ու իր ծնողը կարող են տեղյակ չլինել գյուղատնտեսական ոլորտի, ՏՏ ոլորտի նոր կարգերի ու փոփոխությունների հետ, սակայն պարտավոր են ծանոթ լինել կրթության ոլորտի նոր կարգին»։

Հանդիպմանը մասնակցող   դիմորդ Հայկ Բաբալյանի հայրը՝ Մասիս Բաբալյանը, նշում է, որ իրենք ընդունելության քննական  կարգի հետ ծանոթացել են դեռ մայիսի 3-ին, իսկ այդ ժամանակ որևէ փոփոխություն չի եղել.

« Հայտերը լրացվում են մայիսի 25-ից, իսկ նոր կարգն ուժի մեջ է մտել մայիսի 26-ից. սա կարգի խախտում է»,- ասում է նա։

Ծնողների խոսքով՝ իրենք պարտավոր չեն կարևոր որոշումներն իմանալու համար հետևել նախարարի ուղիղ միացումներին։

ԱԺ եկած ծնողները 87 դիմորդների ու նրանց ծնողների անունից պահանջում են տեղեր ավելացվեն այն դիմորդների համար, ովքեր անցել են  2-րդ հայտով.

«Թող բարի լինեն, ընդունեն իրենց սխալն ու բարձր գնահատական ստացած դիմորդներին հնարավորություն տան 2-րդ,  3-րդ, 4-րդ հայտով ընդունվեն, թող տեղեր ավելացվեն համապատասխան մասնագիտությունների համար ու գիտելիքի շուրջ մրցակցություն լինի»,-ասում է Մասիս Բաբալյանն ու ավելացնում, որ նախարարությունը բացառապես չի ընդունում իր սխալը։

 Նա պնդում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվում է իրենց հետ հանդիպել, որովհետև իրավական նորմ է խախտվել ու իրենք այդ նորմերով են խոսելու.

«Եթե անհրաժեշտ է, նիստ հրավիրեք ու կանչեք նաև նախարարին, քննարկեք իրավական նորմերը»։

ԱԺ  պատգամավորները այս հարցով կդիմեն ԿԳՄՍՆ-ին, բայց Լիլիթ Ստեփանյանը միեւնույն է, չի կարող հասկանալ այն  դիմորդին, որն  ընդունվել է իր հայտի 3-րդ կամ այլ կետով, բայց շարունակում է պահանջել.

«Եթե նա իր հայտում նշել է տվյալ ֆակուլտետը, դա նշանակում է, որ նա ցանկություն ունեցել է դառնալ տվյալ մասնագետը, իսկ այն ուսանողները, ովքեր բարձր միավորներով դուրս են մնացել համալսարանից, ես այդ ուսանողների հարցը տանելու եմ մինչև վերջ»։

Այսօր դիմորդների ծնողները 87 դիմորդների լիազորագրերով դատական հայց կներկայացնեն դատարան։