Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գրականության ցանկերում չկա Վանո Սիրադեղյանը, ինչն ամոթ է․ Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)

Լրագրող, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը կրթական համակարգում կատարվող փոփոխությունները դրական է գնահատում։ Այս մասին նա հայտնեց այսօր հրավիրված ասուլիսում՝ չժխտելով, որ կան թերություններ

«Մեր հասարակության մեջ արդեն տասնամյակներ շարունակ կա լուրջ տատանում՝ ազգային թերարժեքության և գերարժեքության միջև։ Միշտ ասում ենք՝ մենք ինչ ժողովուրդ ենք, ինչ գրականություն, ինչ պատմություն ունենք, մյուս կողմից էլ այն գերարժեքությունը, որ ում արյան մեջ հայկական փոքր մազ ենք գտնում, որոշում ենք, որ այդ մարդիկ հայ են, որ մենք համաշխարհային ազգ ենք, համաշխարհային առաքելություն ունենք և այլն։ Այս երկուսի հարցը պետք է լուծի կրթական ծրագիրը գրականության, պատմության դասավանդման միջոցով»։

Ինչ վերաբերում է կրթական ծրագրերում հեղինակների ընտրությանը, Պասկևիչյանն ասում է՝ եթե խոսքը կամընտրականության մասին է, ապա այդ ցանկում պետք է բոլորը լինեին

«Մարդիկ կան, որ լուրջ գրական փաստեր են ստեղծել մեր գրականության մեջ, բայց քանի որ այսօր ինչ-ինչ պատճառներով Ֆեյսբուքում չկան, սոցիալական ցանցերում ներկա չեն, ակտիվ գործունեություն չեն ծավալում, այդ մարդիկ մոռացվում են»։

Պասկևիչյանը շեշտում է՝ ցանկերում չկա Վանո Սիրադեղյանը, ինչը ամոթ է

«Եթե անգամ Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է, եթե անգամ նրա հետ կապված դատաքննության հարցեր կան, այդ հարցերը կապված են քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ և ոչ թե գրող Վանո Սիրադեղյանի հետ»։

Բանաստեղծն առաջարկում է դպրոցական դասերը վերածել պրեզենտացիաների, քանի որ ըստ նրա՝ ավանդակական մեթոդով աշակերտները այսօր չեն ընթերցի կարևոր ստեղծագործություններ

«Պրեզենտացիաները նրա համար են, որ երեխաները կարողանան սովորել հետազոտելու արվեստը, հետո քննություն կոչվածը կլինի, օրինակ, «Վերք Հայաստանի»-ի մասին սեփական հետազոտություն»։

Պասկևիչյանը հիշեցնում է, որ Ջույսի «Ուլիսեսը» թարգմանված է աշխարհի միայն 9 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, թարգմանվել է Սամվել Մկրտչյանի կողմից։ Կարծում է, որ հենց «Ուլիսեսը» պետք է ընդգրկվի ցանկում  և աշակերտներին բացատրվի՝ ինչ գործ է և ինչպես է եղել, որ այն թարգմանվել է հայերեն։

Բանախոսի համոզմամբ՝ ցանկերում ստեղծագործությունները ընտրվել են սոցիալական ցանցերից։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ այն առումով, որ սխալ մատուցման հետևանքով աշակերտները կարող են պարզապես չսիրել հեղինակներին և նրանց ստեղծագործությունները։

Պասկևիչյանի ստեղծագործություններից ցանկում ներառված է լուսանկարիչ Գերման Ավագյանին նվիրված  գործը, բանաստեղծը կարծում է , որ գործը ընտրելիս հանձնաժողովը չի ծանոթացել իր ստեղծագործական ամբողջական շտեմարանին, և այդ ստեղծագործությունը ցանկում հայտնվել է Ֆեյսբուքից։