Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչպիսին պետք է լինի դիմակի համար աղբամանը, որ խախտում չհամարվի

Փողոցներում, այգիներում, բակերում նկատելի են «թափառող» դիմակները: Դրանցից շատերը թեթև քամու առկայության դեպքում  «դուրս են նետվել» աղբամաններից:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը դեռ մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված,և կոչ էր արել քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը:

Ի տարբերություն փողոցի աղբամանների՝  սննդի և առևտրի կենտրոններում տեղադրվածները պետք է համապատասխանեն որոշակի կանոնների։

Ըստ կարգի՝ դրանք պետք է լինեն փակվող, որոնք հնարավոր կլինի բացել ոտնակով կամ այլ եղանակով՝ առանց աղբամանին ձեռքով հպվելու:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից «Ա1+»-ին  տեղեկացրին, որ աղբամանի մեջ պետք է դրված լինի պոլիէթիլենային տոպրակ, որը հնարավոր կլինի փակել և իր միջի պարունակության հետ միասին հեշտությամբ հեռացնել աղբամանից:

Աղբամանի վրա պետք է արված լինի «միայն դիմակների և ձեռնոցների համար » իրազեկող գրառումը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ իրականացված ստուգումների արդյունքում  կազմել է 139 արձանագրություն, որոնց մեծ մասը եղել են  փակ աղբամաններին վերաբերող խախտումները:

Նշենք, որ ՇՎՏՄ-ը  պարետի՝ մայիսի  3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է աղբամանի ստուգումներ  իրականացնել  նաև բենզալցակայանների, գազալցակայանների, շինանյութի առևտրի կետերի, խոշոր առևտրի կենտրոնների ու տոնավաճառների տարածքներում: