Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի այգիներում․ ԲԸՏՄ
Աջակցիր «Ա1+»-ինՈւժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի այգիներում․ ԲԸՏՄ
Հուլիսի 28-ին ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի զբոսայգիներում։ Գրանցվել են դիմակները ոչ ճիշտ կրելու, խմբերով շրջելու, նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների խախտման դեպքեր։Համաճարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված իրազեկման և բացատրական միջոցառումների ընթացքում տեսուչները մանրամասն ներկայացրել են սանիտարահիգենիկ կանոնների պահպանման նորմերը:
Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում տրամադրում են նաև գործարանային արտադրության եռաշերտ բժշկական դիմակներ՝ կոչ անելով տանը պատրաստված դիմակները փոխարինել դրանցով:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
ՀՀ Կրթության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներում
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությունն իրականացվում է հաստատությունների կողմից ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող սպասքի և ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:
Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Կրթության տեսչական մարմնի կողմից խստացված մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ, իսկ ստուգայցերի արդյունքում ձեռբերված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:
ՇՎՏՄ-ն ուժեղացված մշտադիտարկում է իրականացրել գազալցակայաններում
Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հիմք ընդունելով պարետի՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ իրականացնելու վերաբերյալ մայիսի 3-ի N 63 որոշումը՝ շարունակել է ստուգայցեր իրականացնել Երևան քաղաքի գազալցակայաններում: Խախտումներ են արձանագրվել գազալցակայաններից մեկում, որտեղ բացակայել են ախտահանիչ նյութերը, թերի է եղել ջերմաչափման գրանցամատյանը և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը: Կազմվել է արձանագրություն:
Հուլիսի 28-ին տեսչական մարմինն իրականացրել է նաև կասեցումներ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում: 24 ժամով կասեցվել են բենզինի ու գազի մի քանի լցակայանների, ինչպես նաև շինանյութի խանութների գործունեությունը, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: