Բացել լրահոսը Փակել լրահոսը
9CA8184D-B226-4210-B559-DB1DD1B3F8D7_w1023_r1_s
A A
Հասարակություն

Գերմանիայի բանակային շներն` ընդդեմ կորոնավիրուսի (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Գերմանիայի Ուլմենի ռազմական ակադեմիայում բանակային մարզիչները վերջերս փորձարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար մի նոր ‘’զենք’’: Ինչպես երկրի պաշտպանության նախարար Անեգրեթ Քրամփ-Քարենբաուերն է ասում, շների հոտառության վրա հիմնված այս նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է: Նրա խոսքերով, միջազգային ասպարեզում հայտնի այս հաստատությունում այսօր կողք-կողքի մարզվում են մարդիկ ու վարժեցվում շներ:

Շներն իրենց հոտառությամբ չեն կարող հայտնաբերել կորոնավիրուսը, սակայն հայտնաբերում են թքի մեջ կենսաքիմիական փոփոխությունները: Նրանք դա կարողանում են անել թքի չափազանց փոքր նմուշի դեպքում անգամ:

‘’Հիմա փորձում ենք պարզել, թե արդյոք բանակային ուժերում վարժեցվող շներին կարելի է օգտագործել կովիդ 19 հիվանդության տարածման դեմ պայքարում, թե ոչ’’, ասում է պաշտպանության նախարարը:

Նրա խոսքերով, քանի դեռ փորձերը ցույց են տալիս հուսադրող արդյունք, ուսումնասիրությունները շարունակվում են:

‘’Հիմա’’, ասում է նա, ‘’պետք է որոշենք, թե այս պահին որ պարտականությունն է ավելի կարեւոր այս շների համար, գրիպի ու կորոնավիրուսի տարբերությունը հայտնաբերելը, թե բանակային մյուս պարտականությունները կատարելը’’: Վերջնական արդյունքին հասնելու համար, ըստ նրա, դեռ մի քանի ամիս էլ կպահանջվի:

Գերմանիայի Հանովերի համալսարանի անասնաբուժական բաժանմունքում էլ բանակային շներն այս օրերին վարժեցվում են պարգեւատրման եղանակով: Թքի պարունակությունն ամեն անգամ ճիշտ գնահատելիս` շունը ստանում է իր սիրած քաղցրավենիքը: