Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

 «Որոշումը բացարձակ անօրինական է և ենթակա է վերացման։ Սրա պատասխանատուն նաև Նիկոլ Փաշինյանն է» (տեսանյութ)

 «Եթե նախարարն իրեն վեր է դասում օրենքից, ու ասում է, որ իրազեկել է լայվի միջոցով, սա բացարձակ ապօրինություն է»,- ասում է «Երկիր ծիրանի»  կուսակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանը։

Նա  անդրադարձել է դիմորդների՝ համալսարաններից դուրս մնալու փաստին  եւ ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանի  հայտարարություններին.«Երեկ ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ինքը լայվի միջոցով իրազեկել է։ Լայվը այսօր պետության կողմից ճանաչված իրազեկման միջոց չէ»։

Փոստանջյանը  նկատում է, որ ցանկացած նորմատիվ իրավական ակտ, որը կարող է վատթարացնել անձի վիճակը, պետք է  ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտնի։

Ըստ  Փոստանջյանի՝  կառավարությունը այս նորմը չի պահպանել։

Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ այս որոշումը սահմանադրական կարգում ամրագրված կրթության խրախուսման նորմին հակառակ է, և այն չի կարող տարածվել այն բոլոր դիմորդների վրա, ովքեր տուժել են այս որոշումից.

 «Որոշումը բացարձակ անօրինական է և ենթակա է վերացման։ Սրա պատասխանատուն նաև Նիկոլ Փաշինյանն է»,- ասում է  Զարուհի  Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ինքը կարդար եզրակացությունը, որովհետև իր ստորագրությամբ է նաև պատրաստվում փաթեթը և ուղարկվում պաշտոնական հրապարակման. « Եթե նա թույլ է տվել անփութություն, սա նույնպես ենթակա է պատասխանատվության»,-ասում է Փոստանջյանը և ավելացնում, որ եթե նախկին իշխանություններն ասում էին, որ ամեն ինչ թղթերով ճիշտ է կազմված, այս գործող իշխանությունը նույնիսկ թղթերով այդ ճիշտ կազմելը չի ապահովել։

Իր խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար Փոստանջյանն իր հետ ասուլիսի էր բերել դիմորդների, ովքեր ևս դուրս են մնացել համալսարանից՝ առաջին հայտի համար բավարար միավորներ չհավաքելու պատճառով։

Դիմորդները հանդես եկան հայտարարությամբ և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրեցին առերես հանդիպման. « Մեր պահանջը Ձեզ, այսօր դուրս եկեք ու նախարարին վայել կերպով զրուցեք մեզ հետ և տվեք մեր հարցերին լիարժեք պատասխաններ բավարար է այդ լայվերով մեզ ինչ-որ բաներ տեղեկացնեք»։

Նրանց խոսքով՝ իրենց կազմակերպած հասարակական շարժումը կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ և նրանք չեն հետապնդում որևէ քաղաքական շահ. «Մենք անկախ, ժողովրդավարական, ուղղակի պահանջ ենք ներկայացնում մեր նախարարին, ինչպես նաև կառավարության ղեկավարին»։

Նախարարությունը չընդունված դիմորդներին առաջարկում է անցնել հեռակա ուսուցման, իսկ դիմորդներն ընդդիմանում են ու հայտարարում, որ հեռակա ուսուցումն իրենց պահանջների մեջ չի մտնում. «Մենք պահանջում ենք վերականգնել մեր իրավունքները,  լավ, իսկ հեռակայի դեպքում ի՞նչ անի բժշկական համալսարանի դիմորդը, գնա մասնավո՞ր, մենք դա չենք ուզում»։

Դիմորդները հայտարարում են, որ այսօր ևս գնալու են ԿԳՄՍՆ  ու մնալու այնքան, մինչև Արայիկ Հարությունյանը դուրս գա ու առերես պատասխանի իրենց հարցերին։