Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԱՏՄ
A A
Պաշտոնական

Կասեցումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ․ ԱԱՏՄ (տեսանյութ)

ԱԱՏՄ-ն այսօր ևս շարունակել է ժամանակավոր արգելք կիրառել համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։

Վիճակագրությունը փաստում է՝ խախտումները զգալիորեն նվազել են, ըստ այդմ՝ նվազման կայուն միտում են գրանցում նաև կասեցումները։

Այսուհանդերձ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցերը շարունակում է նույն տեմպով, քանի դեռ համավարակի տարածման ռիսկերը շարունակում են բարձր մնալ։

Սահմանված բոլոր կանոնները դիտարկվում են ամենայն խստությամբ, քանի որ դրանց համակցված պահպանման դեպքում միայն կարելի է բացառել վիրուսի տարածման հավանականությունը։

Այսօր Երևանում կասեցված տնտեսավարողների թվում են «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Ֆաբելիկ Զակավկազյե» ընկերությունը, «Շոկո» և «Նոութ.ԱՄ» խանութները և ոչ միայն։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատանքային խմբերն այսօր Գյումրիում և Կապանում ևս գործունեության արգելք են սահմանել․ կասեցվողները մարզերում բացառապես անհատ ձեռնարկատերեր են։

Վերջինս ևս մեկ անգամ փաստում է, որ խախտումներ ներկայում թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսավարողները։ Խոշոր բիզնեսն արդեն առավել կանոնակարգված մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված կանոնների պահպանման հարցում։