Արցախի հանրապետությունը նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տնտեսվարողներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Հրանտ Սաֆարյանը։
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր Հանրապետության տնտեսության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենահրատապը ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած արտահանման և ներքին սպառման հետ կապված խնդիրներն են։ Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը պետք է առաջին հերթին նպաստեն երկրի տնտեսության ակտիվացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմեր, որոնց հիմքում կդրվեն արդյունավետության, թափանցիկության, հասցեականության և ներառականության սկզբունքները։
Նախագահը հանձնարարել է պատասխանատու կառույցների ղեկավարներին ուսումնասիրել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել աջակցության ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրեր առավել խոցելի տնտեսվարող սուբյեկտների ու բնագավառների համար: Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության կայուն զարգացման շրջանակներում առաջիկայում համապատասխան աշխատանքներ կտարվեն նաև այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ