Բացել լրահոսը Փակել լրահոսը
vulture_2
A A
Պաշտոնական

Թակարդ տեսախցիկը հազվագյուտ կադրեր է ֆիքսել (տեսանյութ)

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է Հայաստանի հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի /մորուքավոր անգղ; Gypaetus barbatus/ երիտասարդ առանձնյակ: Այս թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր:

Գառնանգղի պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և 2014թ․-ից հետո տրվել է «Near threatened» կարգավիճակ: ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի  թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսաքցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։ 

Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ