Կառավարությունն առաջադրեց ՍԴ դատավորի իր թեկնածուին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունը այսօրվա նիստում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Վահրամ Ավետիսյանը առաջադրումից հետո հայտարարեց, որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում առավելագույնս կապահովի ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը, ինչպես նաև ՍԴ դերակատարությունը ժողովրդավարության ամրապնդման գործում․
«Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրողությունները՝ պետք է ապահովել ժողովրդավարության զարգացման գործում ՍԴ դերակատարությունը: Ժողովրդավարական արժեքները կատեգորիաներ չեն, դրանք էվոլյուցիա են ապրում, և ՍԴ-ն, հիմքում ունենալով անհատի իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի դրանց զուգահեռ՝ ապահովելով գործադիր, օրենսդիր, դատական իշխանության ներդաշնակ գործունեությունը»։
Ներկայացնելով իր անցած ճանապարհն ու կենսագրություն՝ Ավետիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց թեկնածուին ԱԺ-ում, իսկ ընտրվելուց հետո՝ նաև ՍԴ դատավորի կարգավիճակում:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն երեկ ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։