Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Հաշվի առնելով hայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը և ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որով  25 մլն դրամ կհատկացվի մարզպետարանին: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով: Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։ Աշխատանքներին կներգրավվեն տեղի շինարարական հնարավորությունները, ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ Գումարի մի մասը կհատկացվի կանխավճարով՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար: 

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում մենք նախնական՝ ուղղակի արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար: Ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք: Այդ քննարկման բովանդակությունը շատ չմանրամասնելով ուղղակի արձանագրեմ, որ եկանք այն եզրակացության, որ սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք: Ընդհանուր առմամբ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ: Մենք պետք է տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն»

 

Կառավարության ղեկավարը նշել է՝ պետք է արձանագրել, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից է սկսվում Հայաստանը։ «Ինչպես ընդունված է ասել, որ օրինակ՝ անցման այդ սահմանային, անցագրային կետերից է սկսում երկրից առաջին տպավորությունը, նույն տրամաբանությունը մենք պետք է  իրականացնենք սահմանապահ գյուղերում: Մեր երկրի դիմակայունության, մեր երկրի մարտունակության և մրցունակության ամենակարևոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում մեր իրականացվող քաղաքականությունը: Իհարկե, ես չեմ ուզում, որ մենք ակնկալիքների շատ բարձր նշաձող դնենք, որովհետև դա 1-2 օրում տեղի չի ունենա, դա երկարատև աշխատանք պահանջող գործընթաց է, բայց սահմանապահ գյուղերի բնակիչներն այս ոգին, այս տրամադրությունը, այս գործելակերպը պետք է զգան, և դա պետք է սկսվի օր առաջ, րոպե առաջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  կառավարությունն այս քաղաքականությունն առաջ տանելու համար աշխատելու է հետևողական: 

 

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գյուղերում առաջին հերթին պետք է քաղաքաշինական և  քաղաքաշինական նախագծման շատ լուրջ աշխատանք կատարվի: «Բայց այստեղ խնդիրը միայն շենքեր և շինությունները չեն, խնդիրը այդ համայնքների կյանքի, առօրյայի, աշխատանքի բովանդակությունն է:  Մենք պետք է արձանագրենք՝ մարդը ոչ միայն պետք է այնտեղ ապրի, այլև պետք է ունենա զբաղմունք, եկամտի աղբյուր և բարեկեցություն կառուցելու հնարավորություն: Մեր խնդիրն է այդ հնարավորությունները զարգացնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ այցելույթուններ ենք կատարել սահմանամերձ առավել վնասված գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի: «Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ:  Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից  5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչի հետ մենք համաձայնել ենք: Մենք համայնքների ղեկավարներին առաջարկել ենք կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծենք ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր. դրանք նույնպես կհատկացնենք կարիքավորներին»,-ասել է Արմեն Ղուլարյանը: 

 

Վարչապետն նշել է, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել և եկել են այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք հուլիսի 12-ին և դրանից հետո ավերվել են և հնարավոր չէ դրանք վերականգնել, գործադիրը կվերականգնի պետբյուջեի միջոցներով: «Ընդ որում,  վերականգնում ասելով նկատի չունենք ուղղակի սովորական վերականգնումը, այլ նկատի ունենք, որ այդ տարածքը՝ սեփականատիրոջ թույլտվությամբ պետք է ամբողջությամբ մաքրվի, ձևավորվի բոլորովին նոր միջավայր՝ բոլորովին նոր ճարտարապետությամբ: Ընդ որում, այգու հատվածում նույնպես մենք պետք է որոշակի աշխատանք իրականացնենք։ Հիմա պարզվեց, որ այդ ավերված տներից մեկում է ընտանիք ապրել, և մենք հիմա այդ հարցը մաքսիմալ արագ կլուծենք: Մյուս 2 տների դեպքում այլ մեխանիզմներով կփոխհատուցենք այդ տների համար սեփականատերերին։ Մնացած հատվածներում տեղի կունենան վերականգնման աշխատանքներ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կմշակվեն նաև գյուղերի զարգացման երկարաժամկետ նախագծեր: 

 

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը

 

Կառավարությունն ընդունել է «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 

 

ՍԴ դատավորի թեկնածուն նշել է, եթե Ազգային ժողովի կողմից այդ հնարավորությունն ընձեռվի, ապա իր մոտեցումները Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հետևյալն է՝ առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։ «Ինչպես նաև, հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները, ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»,-ասել է Վահրամ  Ավետիսյանը՝ հավելելով, որ պլանավորում է կոնկրետ երևույթների նկատմամբ առավել հանգամանալից իր մոտեցումներն ու գնահատականները ներկայացնել ԱԺ-ում:

 

ՍԴ դատավորի թեկնածուն ներկայացնել է  նաև իր կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը։ «Կարծում եմ, որ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ և անհրաժեշտ սկզբունքայնություն, որպեսզի կարողանամ պատշաճ ձևով իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»,- ասել է Վահրամ Ավետիսյանը։

 

Նիկոլ Փաշինյանը ՍԴ դատավորի թեկնածուին հաջողություններ է մաղթել ԱԺ քննարկումներում: Վահրամ Ավետիսյանն էլ   իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը՝ իրեն որպես ՍԴ դատավորի ապաքաղաքականցված թեկնածուի նկատմամբ ցուցաբերած վստահության համար։

 

Ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

 

Գործադիրն ընդունել է ներդրումային-սոցիալական ծրագրին հավանություն տալու, «Նոբբի» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին որոշում: Ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Արզումանյան փողոցի 8/1 հասցեի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը, այն գտնվում է նույն Արզումանյան փողոցի 8ա  հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի հարևանությամբ: Արդեն մի քանի ամիս է ընկերությունը տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն իրականացնում է բնակելի շենքի կառուցապատում: Ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենք: Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200.0քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին՝ վերաբնակեցնելու նպատակով: Ընկերությունը պարտավորվում է նաև օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային  շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևան համայնքին  տրամադրել 800.0քմ մակերեսով բնակելի տարածք, սեփական միջոցների հաշվին իրականացնել Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի   ապամոնտաժման  աշխատանքներ, որից հետո շուրջ 350.0քմ մակերեսով հատվածը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և նվիրել Երևան համայնքին: 

 

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը փորձում  է ներդնել վթարային շենքերի բնակիչների հարցերը լուծելու մեխանիզմ: «Եթե այս նախագիծն աշխատի՝ կնշանակի, որ մենք գործընթացը սկսել ենք և պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծենք: Երկար ժամանակ քննարկում էինք, խնդիրն այն էր, որ պետք է նաև ներդրողների կողմից հետաքրքրություն լիներ: Հիմա շատ ուրախ եմ արձանագրել, որ այդպիսի առաջին գործնական, կոնկրետ հետաքրքրությունն ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝  խնդիրն այն է, որ  Երևանը ներդրողների համար ավելի գրավիչ է,  քան մարզերը. «Բայց մենք պետք է աշխատենք, որպեսզի մարզերում այդ գործընթացը  նույնպես գրավիչ դարձնենք: Հույս ունենք, որ այս գործընթացը կընդլանվի, կհայտնվեն նոր հետաքրքրություններ, նոր ներդրողներ , որի արդյունքում վթարային շենքերի ահագնացող պրեբլեմը ՀՀ-ում կսկսվի լուծվել»:     

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ  ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող 1333.6 քառ.մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը հետ է վերցվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է նաև Կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քառ. մետր մակերեսով  շենք-շինությունները  և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից և ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտքեր  ապահովելու անհրաժեշտությունից։ Մոսկովյան 13 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված է եղել օտարման ենթակա անշարժ գույքի ցանկում։ Այդ հասցեում գտնվող անշարժ գույքը դեռևս խորհրդային շրջանից օգտագործվում է որպես պոլիկլինիկա, որից սպասարկվող  բնակչության թիվը կազմում է 15787 մարդ, ուստի բուժհաստատության գործունեության տեղափոխումը այլ վայր կառաջացնի անհարմարություն սպասարկվող բնակչության համար։ Ըստ այդմ՝  նախատեսվում է նաև «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակազմը տեխափոխել Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենք՝ հետագա գործունեության համար։ 

    

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է բարձրացնել  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը 

 

Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով: Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես, լիցենզավորել հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: ՀՀ կառավարությանն օրենքով կտրվի  լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը: Կսահմանվեն  վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին: Արդյունքում կկարգավորվեն ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացները: Կբարձրանա նաև այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորումը և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը: 

 

Հավանությանն է արժանացել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին՝ տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված: Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու օրինագծերով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել, վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում  գործում է 40 տեխնիկական զննության կայան: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած և սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաև տպագրվում և տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին:  Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար: