Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Հասարակություն

Բուհեր չընդունված դիմորդների ծնողները հանդիպեցին Ա. Թաթոյանին. ԿԳՄՍՆ-ն վաղը գրավոր կպատասխանի ՄԻՊ-ին

 Բարձր միավորներ հավաքած, բայց բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն այսօր հանդիպեցին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ 

Ծնողներից մեկը, Արման Թաթոյանին ներկայացնելով խնդիրը, ընդգծեց, որ դիմորդները վատ իրավիճակում են հայտնվել ԳԹԿ-ի սխալի պատճառով

«Մեր առաջարկությունն այն է, որ ԿԳՄՍ-ն բուհերում լրացուցիչ տեղեր ավելացնի բոլոր դրական գնահատական ստացողների համար, բայց եթե դա հնարավոր չէ, գոնե 11 և բարձր գնահատական ստացողների համար առաջին հայտը դնենք մի կողմ, և 2-րդից մինչև 4-րդ հայտով ընտրված մասնագիտություններով տեղեր ավելացնեն, ինչի շնորհիվ կշահեն բոլորը»։

Ծնողը նշեց՝ ցանկանում են, որ արդարությունը վերականգնվի, և բարձր գնահատական ստացած դիմորդը դառնա ուսանող։

Արման Թաթոյանն իր հերթին ընդգծեց, որ խնդիրը իրենց ուշադրության առանցքում է, և 58 քաղաքացի դիմել է իրենց կոլեկտիվ բողոքով, ունեն նաև անհատական 13 դիմում, տեղեկացրեց, որ պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ-ին՝ ներկայացնելով ծնողների առաջարկներն ու մտահոգությունները, նշեց, որ իրենք դեռեւս առաջարկություններ չեն ներկայացրել․

«Մենք վաղը կունենանք ԿԳՄՍ-ի գրավոր պատասխանը՝ մեզ ուղղված, դրա հիման վրա մենք կկարողանանք նոր գնահատական տալ»։

Ծնողներից մեկը Թաթոյանին խնդրեց միջնորդել հանդիպում կազմակերպել Կառավարության ղեկավարի հետ, Արման Թաթոյանն իր հերթին արձագանքեց, որ իրենց հետագա բոլոր քայլերը կախված են ԿԳՄՍ-ի վաղվա պատասխանից։

Ծնողները պնդեցին, որ շարունակելու են ակցիան, մինչև իրենց խնդրին վերջնական լուծում տրվի։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 739 դիմորդ դրական նիշը հաղթահարել, բայց չի ընդունվել որևէ բուհ։