Մարս մոլորակին նվիրված STARMUS VI փառատոնը՝ Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԳիտության եւ արվեստի աշխարհահռչակ փառատոն STARMUS-ը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների եւ տիեզերագնացների:
STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից եւ ամերիկյան MARINER 9-ից մինչեւ NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։
50 տարի է անցել Կարմիր Մոլորակի վրա MARS 3-ի թեթեւ վայրէջքից ու մոլորակի մակերեւույթի վերաբերյալ առաջին տվյալները Երկիր ուղարկելուց։ Նույն թվականին՝ 1971-ին, NASA-ի MARINER 9-ը դարձավ Մարսի շուրջ պտտվող առաջին օրբիտային սարքը։
Այս իրադարձություններին հաջորդեցին NASA-ի տասնյակ հաջող առաքելությունները, որոնք Արեգակնային համակարգում մեր «հարեւանի» մասին ավելի հստակ պատկերներ եւ ինֆորմացիա փոխանցեցին։ 2020թ․-ի ամռանն աշխարհի երեք տիեզերական գործակալություն պլանավորում է մեկնարկել դեպի Մարս առաջին առաքելությունները, որոնք մոլորակ կժամանեն 2021թ․-ին։
Հետեւելով ձեւավորված ավանդույթին՝ փառատոնը քննարկելու է հրատապ խնդիրներն ու ցուցադրելու է Մարսի ուսումնասիրության մասին ֆիլմեր։ Ֆիլմերի նախորդ ցուցադրությունները ներառել են «Apollo 11»-ն ու «The Spacewalker»-ը՝ Starmus-ի խորհրդի անդամ եւ լեգենդար ռուս աստղագնաց Ալեքսեյ Լեոնովի մասին։
Փառատոնն անցկացվելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Նախագահը Starmus-ը Հայաստան էր հրավիրել 2019 թվականին՝ Ցյուրիխում՝ Starmus V-ի բացման արարողությանն ունեցած իր ելույթում։
Փառատոնին ՀՀ կառավարության անունից կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որը սերտորեն համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ փառատոնը կդարձնի կրթական, գիտական եւ գեղարվեստական բացառիկ իրադարձություն:
Ինչպես նախորդ տարիներին՝ 6-րդ Starmus փառատոնը հյուրընկալի աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների եւ տիեզերագնացների՝ կիսվելու բեկումնային բացահայտումներով, անդրադառնալու հրատապ հարցերի եւ ոգեշնչելու նոր սերնդի գիտնականներին ու հետազոտողներին։
Starmus-ի Խորհուրդը փառատոնի՝ արվեստի եւ երաժշտության ոլորտի խոսնակների անունները կհայտարարի ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում։ Փառատոնի հաստատված խոսնակներն են Նոբելյան մրցանակակիր գիտնականներ Էդվարդ Մոզերն ու Միշել Մայորը, Apollo 16-ի Լուսնագնաց Չարլզ Դյուկը, CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ Էմանուել Շարպանտիեն ու «iPod-ի հայր» եւ NEST-ի հիմնադիր Թոնի Ֆադելը։
Starmus