Բացել լրահոսը Փակել լրահոսը
արմմոնո
A A
Մշակույթ

Մուտքը՝ հրավիրատոմսով․ սպասում են պարետի թույլտվությանը

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն անց է կացվելու՝  անկախ հանգամանքներից։  Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասում է՝  ամեն ինչ անում են, որ օգոստոսի 1-10-ը  փառատոնն անցկացնեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Հանդիսատեսը կարող է ներկա գտնվել միայն հրավիրատոմս ունենալու պատագայում, քանի որ ներկաների թույլատրելի քանակը քիչ կլինի։ Դեռ չենք ստացել պարետի թույլտվությունը, սակայն հուսով ենք, որ կկարողանանք նախատեսածի պես իրականացնել»,- ասում է Մարիաննա Մխիթարյանը։

Բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝  ուղիղ հեռարձակմամբ։

Այս տարի «Արմմոնո» փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Բացումը տեղի կունենա «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում՝  Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացմամբ։ Սա չի հեռարձակվի առցանց, քանի որ առաջիկայում նույն ներկայացումը  կլինի բեմին։

Ցուցադրվելու է 20 մոնոներկայացում դերասաններ Նարեկ Բաղդասարյանի, Զարուհի Խաչատրյանի, Լիլյա Մուկուչյանի, Նաիրա Եդիգարյանի, Դավիթ Աբրահամյանի ինչպես նաև ուսանող  դերասանների   մասնակցությամբ։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  կազմակերպվող  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում,որտեղ  Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու  ցուցադրություն՝  ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:

Այս տարի արտերկրից դերասաններ չեն հյուրընկալելու ՝  կորոնավիրուսային  իրավիճակից ելնելով։