«Ողջունում ենք Ջավախքի բնակչությանը, ողջ աշխարհի հայերին, ինչպես նաև աշխարհի բոլոր խաղաղասեր մարդկանց՝ անկախ նրանց ազգությունից ու հավատալիքներից։ Բարգավաճու՛մ մեր երկրներին և հայրենիքներին՝ Հայաստանին և Վրաստանին»,- այսպես սկսեցին ցույցի մասնակիցները:

Խաղաղ ցուցարարների հիմնական կոչն ու կարգախոսը հետևյալն էր.

«Մենք՝ Վրաստանում ապրող հայերս, հատկապես Սամցխե-Ջավախքի ռեգիոնի, որոնք բնակչության մեծամասնություն ենք կազմում, ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերից, խիստ անհանգստացած ենք ու վրդովված, ելել ենք խաղաղ ցույցի “ոչ պատերազմին” կարգախոսով։ Մենք դեմ ենք մարտական գործողություններին ու բռնություններին, քանի որ երիտասարդներ են զոհվում թե մի, թե մյուս կողմից։ Մենք՝ Ջավախքի հայերս, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայերը, միշտ եղել ենք մեր հայրենիքի՝ Հայաստանի հետ, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում և միշտ պատրաստ ենք դժվար պահին ուս ուսի տված կանգնել մեր սիրելի հայրենիքի պաշտպանությանը, ինչը մի անգամ չէ, որ ապացուցել ենք»։

Մասնակիցները կոչ ուղղեցին նաև Վրաստանում ապրող ադրբեջանցիներին։

«Վերջերս ադրբեջանցիները վրացական և ադրբեջանական դրոշներով դուրս էին եկել վրաց-հայկական սահմանի մոտ, սադրիչ կոչերով ու կարգախոսներով, ինչը կարող է տեղիք տալ անցանկալի հետևանքների, ինչը և հարուցել է մեր վրդովմունքը։ Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ այնպիսի մի երկրում, ինչպիսին Վրաստանն է, որտեղ կառավարության և օրենքի առաջ ազգության ու հավատքի տարբերություն չկա, որտեղ մինչև հիմա երբեք չի եղել ազգամիջյան որևէ կոնֆլիկտ։ Իսկ այստեղ մի քանի մարդ կոնֆլիկտ են հրահրում ու դրդում՝ օգտագործելով Վրաստանի պետական դրոշը, որի տակ բանակայինները երդում են տալիս, հաղթում են մարզիկները»։

 

«Անկախ այն բանից հայ են, վրացի, թե ադրբեջանցի, գլխավորն այն է, որ նրանք ապրում են միասին, ինչպես մի ընտանիքում, ինչպես Վրաստանի քաղաքացիներ:
Հարց այդ մարդկանց․ Իսկ Դուք հարցրե՞լ եք այն ադրբեջանցիների կարծիքը, որոնք ապրում են Վրաստանում, որոնք հաճախ են այցելում հայկաբնակ տարածքներ, ինչպես բարեկամական, այնպես էլ առևտրական նպատակներով։ Մենք վստահ ենք, որ նրանք համաձայն չեն ձեր գործողությունների հետ։ Այստեղ մենք հայերս և ադրբեջանցիները հանգիստ և խաղաղ ապրում ենք, և պետք չէ այստեղ փչացնել փոխհարաբերությունները։

Իսկ ձեզանից նրանք, ովքեր ձգտում են սադրանքների, մարտական գործողությունների կամ հերոսացման՝ թող գնան պատերազմի գոտի։ Մենք հայերս չենք ուզում խառնաշփոթություն և ազգամիջյան կոնֆլիկտներ մեր Վրաստանում», – ասված էր նրանց ուղերձում։