Բացել լրահոսը Փակել լրահոսը
110236682_2661468750771051_6225386719291576041_o
A A
Պաշտոնական

Կրկնայց մայրաքաղաքի զբոսայգիներում․ խախտումները շարունակում են նվազել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ պարետի՝ հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն` շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։

Հուլիսի 20-ին Տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այցելել են մայրաքաղաքի Ավան վարչական շրջան։ Բուսաբանական այգում պարբերաբար իրականացվող մշտադիտարկումները ևս հաստատում են, որ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումները շարունակաբար նվազում են։

Եթե դիտարկումների մեկնարկին դիմակ չկրելու հետևանքով կազմվող արձանագրությունները բազմաթիվ էին, ապա վերջին օրերին թերություններ գրեթե չեն արձանագրվում։

Այգու տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել, ջերմաչափման և ախտահանման աշխատանքները կատարվել են պատշաճ։ Քաղաքացիները հիմնականում զբաղվել են սպորտով՝ պահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, զբոսաշրջիկները կրել են դիմակներ։

Ստուգայցի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները հերթական անգամ բաժանել են բժշկական դիմակներ, այցելուներին տրամադրել խորհրդատվություն՝ դիմակները պարտադիր և ճիշտ կրելու, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման մյուս կանոնների պահպանման մասին։

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ամբողջ հանրապետությունում։