Կրակոցներ եղել են նաև Ճամբարակի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է՝ մերթ ընդ մերթ կրակոցներով։
«Երեկ գիշեր արձակվել է 137 կրակոց՝ տարբեր գյուղերի ուղղությամբ։ Մեր կողմից պատասխան կրակ եղել է միայն դիպուկավորված կրակոցներին։ Կրակոցներ եղել են նաև Ճամբարակի ուղղությամբ, օգտագործվել է ավտոմատ կրականետ»,- Իջեւանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հաստատեց տեղեկությունը, որ 3-րդ զորամիավորման զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները խնդրել են թույլ տալ շարունակել ծառայությունը՝ մինչ սահմանային լարվածության ավարտը։
Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ ադրբեջանական սադրանքը հերթական անգամ փաստեց հայկական բանակի մարտունակությունը։
«Այս ամենը առաջին հերթին տվեցին հաղթանակ, համախմբում, պետական և զինվորական աշխատանքի հղկում, աճ՝ չնայած ցավալի կորուստներին, մեր կամքն ավելի ամրապնդեց»,-նշում է նա։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հավաստիացմամբ՝ սահմանային գյուղերի բնակիչները լիարժեքորեն վերադարձել են կյանքի բնականոն ընթացքին.
«Գյուղերում մարդիկ իրենց առօրյային են, իրենց ամենօրյա աշխատանքին, վերականգնողական աշխատանքներին կփոխարինեն զարգացման ծրագրերը։ Նոր խթան ենք տալիս, քանզի ցանկացած խնդրի լուծմամբ ամրացնում ենք սահմանը»։
Վնասները հաշվարվում են. վերջնական արդյունքներ կլինեն մեկ ամսից․
«Բացի շինարարականից, հաշվարկվելու են նաև գյուղատնտեսական վնասները։ Ստեղծվել է հանձնաժողով, որը պիտի հաշվարկի այդ վնասները։ Դրամահավաքի գործընթացը շարունակվում է։ Հուսով ենք մինչև տարեվերջ շինարարական մասով վերականգնողական աշխատանքները կավարտվեն։ Ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որոնցում ներգրավված են հասարակական կազմակերպություններ ու կառույցներ»։
Սեպտեմբերին, ի դեպ, մարզում կանցկացվի ներդրումային համաժողով՝ ձևակերպելու հիմնական, ռազմավարական, առաջնային ծրագրերը, որոնք, ոչ միայն միտված են զարգացնելու տնտեսությունը, այլ ամրացնելու սահմանները։