Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԱՏՄ
A A
Պաշտոնական

Նոր Նորք վարչական շրջանում ԲԸՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել, իսկ ՇՎՏՄ-ն հայտնաբերել է

Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկել է, թե ինչպես են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։


Վաղ առավոտյան Տեսչական մարմնի մասնագետների խումբն անակնկալ կրկնայց է կատարել Կենդանաբանական այգի․ պատկերը դրական է։ Այգու տոմսարկղում հերթը կանոնակարգվել է հատակի գծանշաններին համապատասխան, այցելուները ջերմաչափվել են, կատարվել են սանիտարահիգենիկ միջոցառումներ։ Տարածքում եղել են պարտադիր դիմակ կրելու մասին ցուցատախտակներ։

Ժամանցը կազմակերպած քաղաքացիների կողմից պահպանվել է սոցիալական հեռավորություն, փոքրիկները ևս կրել են դիմակներ, մարդկային կուտակումներ չեն նկատվել։

Տեսչական մարմնի տեսուչները բաժանել են դիմակներ, կոչ արել տանը պատրաստված դիմակները փոխարինել բժշկականներով, միաժամանակ հորդորել հետամուտ լինել համաճարակի տարածման կանխարգելման կանոններին։

ՀՀ ողջ տարածքում ԲԸՏՄ-ի և ՀՀ ոստիկանության կողմից կատարվող խստացված ստուգայցերը շարունակվում են նաև ոչ աշխատանքային օրերին։

 

ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում խախտումներ է արձանագրել

Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Նշենք, որ տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են: Շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում:

 

Հանգստյան օրով ՔՏՀԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կիրակի օրը ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վերահսկողական գործառույթների շրջանակներում մարդատար տաքսի ավտոմոբիլներում խախտումներ չեն արձանագրվել, իսկ կանոնավոր երթուղիներում արձանագրված հիմնական խախտումները հետևյալն են՝ հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը, ինչպես նաև հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնելու դեպքեր:
ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու ուղղությամբ։

Կորոնավիրուսի (Covid 19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում։