Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Անցած գիշեր կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Անցած գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտավորապես 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել է հրաձգային զենքեր, չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ կրակոցներ եղել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ բուն մարտական գործողությունների շրջանում, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ. կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում․

«Ըստ էության, եթե ամփոփենք այս 120 խախտումները այդ ամբողջ սահմանի հատվածով, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»։

Արցախում ևս եղել են խախտման դեպքեր, բայց լարվածություն չկա,-հայտնեց Հովհաննիսյանը՝ հավելելով նաև, որ իրավիճակը սահմանին այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան։

Տեղեկացրեց, որ անցնող գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից եղել է նաև տեղեկատվական գրոհ․

«Տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են կեղծ հաղորդագրություններ սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին, օպերատորները իրավիճակը շտկել են, հիմա ուղարկում են դրանք հերքող հաղորդագրություններ»։

Հովհաննիսյանը նաև հայտնեց՝ վիրավորների մասով որևէ նորություն չկա, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն։ Կայուն է նաև Չինարի գյուղում վիրավորված քաղաքացիական բնակչի վիճակը, նա ստացել է այրվածքներ։