Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Թիրախավորված է եղել ամբողջ տարածաշրջանը. Տավուշի մարզպետ (տեսանյութ)

«Նման հայտարարություն անողը և իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի»: Այսպես արձագանքեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը Մեծամորի ատոմակայանին հարվածելու ադրբեջանական կողմի  պաշտոնական հայտարարությանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց` մեր կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել որևէ քաղաքացիական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի խոցման մասին, ավելին` մեր կողմից ադրբեջանական գյուղի որևէ տուն չի թիրխավորվում:

Ամփոփելով անցնող օրը` Հովհաննիսյանը հայտնեց` կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, հարված հասել է նաև ԱԻՆ մեքենային, բարեբախտաբար, աշխատակիցները չեն տուժել:

Այսօր ՀՀ զինված ուժերը ադրբեջանական զինված ուժերին թույլ են տվել նաև նախօրեի գիշերը ունեցած մարտերի ժամանակ զոհվածների դիերը դուրս բերել միջդիրքային հատվածից, թեև էլի կան տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ.

«Փաստացի այս պահին ֆոտոապացույցներով ունենք տաս դիակի դուրսբերման դեպք, եթե հաշվենք, որ կան տարածքներ, որտեղից դուրս բերված չեն, ինչու ոչ նաև բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշտում, նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, ստացվում է, որ ադրբեջանցիները զգալի թվով կորուստներ են կրել գիշերը»:

Ինչ վերաբերում է Արցախի և ՀՀ մյուս սահմաններին, Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, դինամիկայի շեշտակի փոփոխություն չկա:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերը` Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը:

«Մենք մինչև օրվա երկրոդ կես կարողանում էինք պատսպարվել և խուսափել մարդկային կորուստներից, սակայն ցավոք սրտի օրվա երկրորդ կեսին մենք ունեցանք վիրավոր` Չինարի գյուղում»:

Չոբանյանի փոխանցմամբ` վիրավորված քաղաքացու առողջական վիճակը բավարար է և նա տեղափոխվել է Երևան:

Անօդաչու թռչող սարքերից պատսպարվելը նորություն է եղել սահմանամերձ համայնքի բնակիչների համար,-ասում է  մարզպետը` հավելելով, որ հակառակորդի կողմից թիրախավորված է եղել ամբողջ տարածաշրջանը:

Չոբանյանը քաղպաշտպանության համակարգի աշխատանքը գնահատեց դրական, հայտնեց նաև` ապաստարանները հագեցվելու են համապատասխան պարագաներով` բավարար պայմաններ ապահովելու համար:

Վնասված շենքերի վերականգնման առաջին փուլը սկսված է, թեև  անօդաչու թռչող սարքերի վտանգը թույլ չի տվել շատ աշխատանք իրականացնել, բայց բոլոր դեպքերը արձանագրված են, -հավաստիացրեց Չոբանյանը.

«Եղել է վնասման հիսունմեկ դեպք, որից չորսը ենթակառուցվածքային, չորսը` տրանսպորտային միջոցների, երկուսը` ընտանի կենդանիների և քառասունմեկը շինությունների»:

Միայն այսօրվա ընթացքում վնասվել է քսաներկու շինություն,-հայտնում է մարզպետը: