Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

ՀՖՖ-ն որոշեց գալիք առաջնության ձևաչափը և սահմանափակեց արտասահմանցիների թիվը

Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունը կանցկացվի 3 շրջանով, խաղերի հայտացուցակում պարտադիր կլինի Հայաստանում մարզված 9, իսկ խաղադաշտում միաժամանակ՝ 2 ֆուտբոլիստի առկայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների կողմից ստացված առաջարկները՝ Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի ձևաչափի և արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման վերաբերյալ:

«Լոռի ՖԱ», «Շիրակ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբներն առաջարկել էին առաջնությունն անցկացնել 2 շրջանով՝ սկսելով օգոստոսին և ավարտելով դեկտեմբերին, որից հետո անցում կատարել գարուն-աշուն համակարգին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տարվում են աշխատանքներ՝ ուղղված Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը, որոշվեց առայժմ չանդրադառնալ այս ձևաչափի քննարկմանը:

Քննարկումներից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց առաջնության հետևյալ ձևաչափի օգտին. Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ՝ 2020/2021 մրցաշրջանի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 14-ին՝ 10 թիմերի մասնակցությամբ: Թիմերն անցկացնելու են 3 շրջան՝ 27-ական հանդիպում: Երրորդ շրջանում դաշտի տիրոջ կարգավիճակը որոշելիս հաշվի են առնվելու առաջին երկու շրջանների արդյունքները: Մրցաշարային աղյուսակում այդ պահին 1-5-րդ հորիզոնականները զբաղեցնող 5 թիմերը սեփական հարկի տակ անցկացնելու են 5, իսկ 6-10-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը՝ 4 հանդիպում:

ՀՖՖ գործադիր կոմիտեն կքննարկի՝ որ թիմը կդառնա Բարձրագույն խմբի 10-րդ մասնակիցը, երբ կկայանա ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որտեղ կքննարկվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի որոշումները:

2020/2021 մրցաշրջանից սկսած՝ Բարձրագույն խմբի առաջնությունում 10-րդ տեղ զբաղեցրած թիմը կլքի առաջնությունը՝ տեղափոխվելով Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Բարձրագույն խումբ:

Բարձրագույն խմբում 9-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբն անցումային հանդիպում կանցկացնի Առաջին խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ:

Այնուհետև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակումներ մտցնելու հարցը: Հաշվի առնելով ակումբներից ստացված առաջարկները՝ ՀՖՖ գործկոմը միաձայն որոշեց, հաջորդ մրցաշրջանից սկսած, կիրառել հետևյալ սահմանափակումները.

 

Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան) կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

Որոշվեց հետագա նիստերի ընթացքում քննարկել 2021/2022 մրցաշրջանից սկսած՝ խաղադաշտում Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ մինչև 23 տարեկան 1 ֆուտբոլիստ ունենալու վերաբերյալ կետը:

Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանից (մեկնարկը՝ օգոստոսի 14-ին) սկսած՝ հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ գործկոմի անդամներին տեղեկացրեց, որ COVID-19-ի համաճարակի հետ կապված ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին տրամադրվելու է դրամաշնորհ: Առաջարկվեց գումարի մի մասն օգտագործել՝ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբներին Հայաստանի առաջնության մասնակցության համար նախատեսված մուտքավճարից ազատելու համար: ՀՖՖ գործկոմը հավանության արժանացրեց այդ առաջարկը և միաձայն քվեարկեց դրա օգտին:

Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում մարզումային փոխհատուցմանն ու մարզումային կարգերին առնչվող փոփոխություններն էր: ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց մարզումային փոխհատուցման նոր սանդղակի, ինչպես նաև հայկական ակումբների նոր կարգերի հաստատման օգտին: