Գագիկ Ծառուկյանի փաստաբանները Վերաքննիչի վճիռը դեռ չեն ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության:
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում, սակայն, չկայացվեց։
Այդ օրը Գագիկ Ծառուկյանի փաստաբանները հայտնեցին, որ դատարանը իրենց տեղյակ չի պահել վճռի հրապարակման ժամի մասին, իրենք վճռի մասին կցկտուր տեղեկություններ ստացել են միայն դրա հրապարակումից հետո։
Այսօր Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը «Ա1+»-ի հարցին, թե արդեն ծանոթացե՞լ են վճռի բովանդակությանը, պատասխանեց, որ Վերաքննիչի վճիռը դեռևս չեն ստացել։
Նրա խոսքով՝ ձգձգումները հավանաբար կապված են փոստի հետ։
Դատախազությունից բացի՝ պաշտպաններն էլ էին բողոք ներկայացրել։ Նրանց բողոքը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ծառուկյանի մեղադրանքը հիմնավոր ճանաչելուն։
Սարգսյանն ասաց, այս միջնորդության վերաբերյալ դատարանի վճռի մասին ևս որևէ բան հայտնել չի կարող, քանի որ ծանոթ չէ վճռի բովանդակությանը։
Հիշեցնենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելը կազմակերպելու համար։