Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն Մարզեր

Առավոտյան հրետակոծությունների հետևանքով վնասվել են 10 առանձնատներ, ռմբահարվել է Այգեպարի մանկապարտեզը․Տավուշի մարզպետ (տեսանյութ)

Այս գիշերվա ընթացքում մարտական բավականին լայնածավալ գործողությունների հետևանքով մենք չենք ունեցել ո՛չ զոհեր. ո՛չ վիրավորներ։ Այս մասին Իջևանի ճգնաժամային կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհանիսյանը՝ ներկայացնելով գիշերվա ընթաքում տեղի ունեցած մարտական գործողություններից մանրամասներ։

Նրա խոսքով՝ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները․

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ տեղի է ունեցել Ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել  «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների հերոսական և գրագետ գործողությունների շնորհիվ հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ կորուստների մասին լուրը Ադրբեջանը պաշտոնապես հաստատվել է, բայց այլ մանրամասներ դեռևս հստակեցված չեն, շատ հավանական է,որ մեր հատվածոմ թողել են դիեր։

Մեր կողմից խոցվել է առնվազն մեկ ծանր զրահատեխնիկա, բայց դիտարկվող հատվածում կան մի քանի այլ տեխնիկաների ծխի հետքեր,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը տապալվելուց հետո փորձել են իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակչությունից և Տավուշի գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը․

«Առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հայտարարեցին նաև՝ իբր հայկական զինված ուժերը կիրառել են անօդաչու թռչող սարք, որը իրենք խոցել են, սա չի համապատասխանում իրականությանը»։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտական դիրքեր ծառայության մեկնելու համար արդեն մի քանի օր է տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասեր մոտ հավաքվում են նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, նման անհրաժեշտություն այս պահին չկա։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր հերթին  տեղեկացրեց, որ այս պահին հարաբերական անդորր է, իսկ առավոտյան հրետակոծությունների հետևանքով վնասվել են 10 առանձնատներ, որոշ ենթակառուցվածքներ

«Ռմբահարվել է սահմանամերձ Այգեպարի մանկապարտեզը, Տավուշ-Ներքին Կարմրաղբյուր հատվածում վնասվել է ջրագիծ, որի վերականգման աշխատանքներն ընթացքի մեջ են»։

Չոբանյանի խոսքով՝ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, հրետակոծությունների ժամանակ քաղաքացիները հիմնականում ապաստարաններում և նկուղներում են գտնվել, նրանց մեջ վիրավորներ և զոհեր չկան։

Վնասված տները, ենթակառուցվածքները գույքագրվում են, վաղվանից սկսվելու են դրանց վերականգման աշխատանքները,- հայտնեց մարզպետը․

«Նախորդ օրերի վնասված տների քանակը մոտավորապես 20 է, կան տարբեր բնույթի վնասներ, այս պահին ընդհանուր առմամբ մենք խոսում ենք 30 վնասված տների մասին, ունենք երևի թե երկու տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն»։

Նա տուժած բնակիչներին հորդորեց անհոգ լինել, իրենց տները վերականգնվելու են. հորդորեց  նաև զգոն լինել։

Արծրուն Հովհաննիսյանը իր հերթին ևս մեկ անգամ հայտարարեց՝ ՀՀ զինված ուժերը դիտարկում են թե՛ օդային, թե՛  ցամաքային սահմանը և պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային և ցամաքային զորքերին, զորախմբերին, ինչը փաստվեց այսօր առավոտյան։