Բացել լրահոսը Փակել լրահոսը
5512099adb9820e23401ed24cdd327b1_XL
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ. հայտարարություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
 
Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:
 
Հավատարիմ մնալով հրադադարի պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու սկզբունքին՝ միաժամանակ, զգուշացնում ենք, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան:
 
Փաստում ենք, որ համավարակի արագ տարածման պայմաններում, երբ ողջ աշխարհը ուժերը միավորել է համաշխարհային ծանր առողջապահական ու տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, Ադրբեջանի և նրա ռազմական հովանավոր Թուրքիայի նման ագրեսիվ վարքագիծը վտանգավոր է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ` ողջ տարածաշրջանի համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի նման պահվածքը և անհրաժեշտ մեխանիզմներ կիրառել իրավիճակի հետագա սրացումը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը անխաթար պահելու համար:
 
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
 
 
16 հուլիսի, 2020թ.
ք. Ստեփանակերտ