Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության բարձրացմանը․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ես կարծում եմ, որ այսօր հարաբերական անդորրը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը նկատեց, որ իր գործիքակազմի նման կիրառումը էֆեկտիվ չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը․

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ ցանկություն է ունեցել ստատուս-քվոյի փոփոխության հասնելու, այսինքն՝ շփման գծի տարբեր հատվածներում ինչ-որ փոփոխություններ ի շահ իրեն ունենալու, և Ապրիլյան պատերազմն էլ միտված էր այդ խնդրի իրականացմանը»։

Քոչարյանի դիտարկմամբ՝ 1994 թվականի զինադադարի պայմանագրով ամրացված է այսօրվա շփման գծի ամբողջ պատկերը, և միշտ նման գործողություններով Ադրբեջանը ակնկալիք ունի, որ հաջողություն կունենա․

«Ադրբեջանը գնահատում է, որ 2016 թվականին ինքը ունեցավ հաջողություն, այս անգամ իր գործողությունները այս պահի դրությամբ հաջողության չհասան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր դիրքային և կառավարելիության հաջողությունը զարգացվի»։

Քոչարյանը արձանագրեց՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության բարձրացմանը, ինչը տեսանելի է բոլորին․

«Ով չի ուզում դա տեսնի, նա չի ուզում Հայաստանի ապագային հավատա»։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, պատգամավորն ասում է՝ միջազգային հանրությունը գնում է միշտ նույն ձևաչափով՝ կոչ հանդարտության, պահպանել զինադադարի տրամաբանությունը․

«Մենք էլ կարծում ենք, որ ռազմական լուծում այս հարցում գոյություն չունի և պետք է գտնել հարթակներ, որտեղ մեր հարաբերությունները հարևան պետության հետ պետք է լուծենք քաղաքական, բանակցային  գործընթացների միջոցով։ Լուծումներ պետք է գտնել Արցախի հարցում, որը կբավարարի Հայաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին և Արցախի ժողովրդին»։

Ինչ վերաբերում է նախկին իշխանության կողմից հնչող քննադատություններին, Քոչարյանն ասում է՝ նախկին իշխանությունները չեն ուզում ակնհայտ իրողության հետ հաշվի նստել․

«Ի տարբերության իրենց պաշտոնավարման տարիների պաշտպանական ու անվտանգային համակարգի թուլությունների՝ այսօր ունենք առավելություններ, և այդ առավելություններով պետք է ոգևորվել, ուրախանալ, որովհետև դա բոլորինն է»։

Քոչարյանը հիշեցրեց, որ նախկինում լարվածության պահերին ընդդիմությունը դադարեցրել իր  ընդդիմադիր գործունեությունը մինչև լարվածության ավարտը, ըստ նրա՝ այսօր պատկերը այդպիսին չէ, բայց մեր Զինուժը լուծում է իր առջև դրված խնդիրները․

«Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակորդին, իրենք հասկացան, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել հնարավոր չէ»։

Տեսանյութը՝ Factor.am-ի