Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան2
A A
Քաղաքականություն

Վճռաբեկ նոր բողոք՝ Քոչարյանին գրավով ազատելու համար (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար տուժող կողմն այսօր Վճռաբեկ բողոք է ներկայացրել։

    Տուժողներ Անդրանիկ Հարությունյանի եւ Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իրենց համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելը։

   Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն որոշել էր 2 միլիարդ դրամի գրավի դիմաց, որը համարժեք է 4  միլիոն դոլարի, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

 «Մենք գտնում ենք, որեւէ գրավի չափ ի զորու չեզոքացնել դատավարության մասնակիցների նկատմամբ ենթադրյալ  ճնշումների եւ անօրինական գործողությունների ներազդմանը»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

Փաստաբանը ՄԻԵԴ նախադեպային այն որոշումն է մեջբերել, ըստ որի, եթե ամբաստանյալը մեծ գումարի դիմաց է ազատ արձակվում, ապա հավանականությունը ավելի մեծ է անձանց վրա ներազդելու։

Տուժող կողմի ներկայացուցիչը նաեւ կարծում է,  որ ժամանակին ԼՂՀ-ի  եւ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է ազդի գործով վկաների վրա,  քանի որ նրա իշխանության ժամանակ պաշտոններ զբաղեցրած անձինք են ներգրավված որպես վկաներ։

Վերաքննիչ դատարանի դատավորը  խափանման միջոցը փոխելիս  անդրադարձել  է նաեւ հանրապետությունում տիրող  համաճարակին, քանի որ  Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ռիսկային խմբում։ Արա Ղարագյոզյանը շեշտում է՝ պետությունը վտանգը հնարավորինս չեզոքացրել էր, քանի որ մինչ այդ արդեն Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։

 Տուժող կողմը Վճռաբեկ դատարանից պահանջում է բեկանել Վերաքննիչ դատարանի  որոշումը եւ նա կրկին տեղափոխել  ՔԿՀ։

   Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոք ներկայացրել է նաեւ Գլխավոր դատախազությունը։