Դուք ձեր տակ ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնիմաստ են այդ փոփոխությունները. «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գնահատականն է ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներին։
««ԵԼՔ»-ը դեմ է եղել ծրարով քվեարկելուն, երբ այս կանոնակարգը հանրապետականները առաջ էին քաշել, փաստարկը հետևյալն էր, որ քննարկմանը պատգամավորը չի մասնակցում, պարզ չի ինչ է մտածում և սա հանրապետականները անում էին, որ չգային գործի»,- հիշեցնում է նա։
Նախագծով առաջարկվում է Կանոնակարգում ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել:
Ըստ այդմ, պատգամավորները հնարավորություն կունենան իրենց քվեարկությունն ուղարկել հանձնաժողովների նախագահներին` հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ, ԱԺ նախագահին` Խորհրդի կամ ԱԺ նիստերում քվեարկությունների վերաբերյալ: Ըստ Մարուքյանի իշխանությունները իրենք այս նախագծի կարիքը չունեն․
«Հեղափոխությունից հետո այդ նույնը դարձրիք լեգիտիմ գործիք։ Քիչ չի դարձրիք լեգիտիմ, որ գործուղման գնացած մարդը ծրար է ուղարկում, հիմա էլ առաջարկում եք անաշխատունակության հետ կապված էլի ծրար ուղարկի»։ Մարուքյանը կարծում է՝ ներկա իշխանություններ մոռանում են, թե ինչ տիպի կառավարման համակարգ ունի մեր երկիրը․ «Մոռանում եք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է՝ այս խորհրդարանում կարող է մեկ ժամից ղեկավար փոխել։ Ինչ իմանանք պատգամավորը տանը ինչ է մտածում, ինչ է ստորագրել, դուք ձեր տակ ռումբ եք դնում։ Սրա կարիքն էլ չկա, ամբողջ երկիրը տեսավ, որ դուք այս դահլիճում սահմանադրություն փոխեցիք, այսինքն ձեր ձայները բավարար են»։
«Լուսավոր Հայաստանը» ամբողջապես դեմ է այս մեխանիզմի կիրառմանը։