Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sampras
A A
Սպորտ

Ինչո՞ւ ամերիկացի թենիսիստ Փիթ Սամպրասը չի մոռանում Անդրե Աղասիի հետ եզրափակիչը (տեսանյութ)

Ամերիկացի նախկին թենիսիստ Փիթ Սամպրասն անվանել է իր կարիերայի ընթացքում անցկացրած ամենահաջողված հանդիպումը:

 

Ըստ նրա, դա եղել է Անդրե Աղասիի հետ եզրափակիչ հանդիպումը Ուիմբլդոնի մրցաշարում, որը կայացել է 1999 թվականի հուլիսի 11-ին: Այդ խաղում Փիթ Սամպրասը հաղթել է 6:3, 6:4, 7:5 հաշվով:

 

«Մարդիկ հաճախ են հարցնում, թե որն է եղել իմ ամենահաջողված հանդիպումը: Ես կանվանեի 1999թ Ուիմբլդոնի եզրափակիչը: Ես այդ օրը իդեալական խաղ ցուցադրեցի խոտածածկի վրա, լավ էի շարժվում, ընդունում և մատուցում հարվածները՝ աշխարհի ամենալավ մատուցող և ընդունող թենիսիստի հետ մրցամարտում: Ես այդ օրն այնքան լավ խաղացի,  որքան որ հնարավոր էր», - Պրոֆեսիոնալ թենիսիստների միության կայքով ասել է անվանի մարզիկը:

 

Փիթ Սամպարսը իր կարիերայի ընթացքում հաղթել է 54 մրցաշարերում, այդ թվում «Մեծ Սաղավարտի» 14 մրցումներում: Նա իր տիտղոսներով այժմ Նովակ Ջոկովիչի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Ամենատիտղոսակիր թենիսիստը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 20 անգամ է հաղթել «Մեծ Սաղավարտի» մրցումներում: