Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat final +
A A
Սպորտ

Այսօր կկայանա Հայաստանի ֆուտբոլի գավաթի հերթական եզրափակիչը

Այսօր հայտնի կդառնա Հայաստանի ֆուտբոլի նոր գավաթակիրը:

Պատվավոր մրցանակն իրար հետ կվիճարկեն Երևանի «Արարատ-Արմենիան» ու «Նոան», որոնք առաջին անգամ են մտել եզրափակիչ և ռեալ հնարավորություն ստացել տիրելու գավաթին:

Հայաստանի գործող չեմպիոնը վստահությամբ է անցել եզրափակիչ տանող ճանապարհը: Նոր արարատցիները 1/8 և 1/4 եզրափակիչներում հաղթել են 1-ին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիային» (5:0) ու «Սևանին» (11:2), իսկ կիսաեզրափակիչում երկու անգամ պարտության են մատնել բարձրագույն խմբի ետնապահ «Գանձասար-Կապանին»՝ 1:0, 2:0:

«Նոան» համեմատաբար դժվար ճանապարհ է անցել եզրափակիչ հասնելու համար: «Սև-սպիտակները» 1/8 եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել են այն ժամանակ առաջնությունում վստահ հանդես եկող «Արարատին»: Քառորդ եզրափակիչում նրանք առավելության են հասել 1-ին խմբի առաջատարներից մեկի՝ Չարենցավանի «Վանի» նկատմամբ՝ 1:0: Կիսաեզրափակիչում «Նոան» երկու խաղերի արդյունքով հաղթել է Երևանի «Ուրարտուին»՝ 1:0, 2:1:

Թիմերն ընթացիկ մրցաշրջանում արդեն երեք անգամ ստուգել են միմյանց ուժերը: Առաջնության առաջին երկու հանդիպումներում հաղթանակ է տարել «Արարատ-Արմենիան»՝ 2:1, 3:1, իսկ հունիսի 15-ին կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:

Բուքմեյքերական գրասենյակների կարծիքով այսօրվա հանդիպման ֆավորիտ է համարվում «Արարատ-Արմենիան», որի հաղթանակը գնահատել են 1,85 գործակցով: «Նոայի» հաղթանակը հավասար է 3,60 գործակցի:

Ի դեպ, եզրափակիչ խաղից չորս օր հետո թիմերը Հայաստանի առաջնության վերջին՝ 28-րդ տուրում, կրկին կհանդիպեն իրար հետ: Այդ խաղում կողմերը արդեն կվիճարկեն հանրապետության չեմպիոնի կոչումը: Այնպես որ, մրցաշրջանի վերջում մեզ սպասվում է երկու եզրափակիչ՝ մեկը գավաթի, մյուսը ոսկե մեդալների համար:

«Արարատ-Արմենիա» - «Նոա» գավաթային եզրափակիչ խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: