Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Ղարագյոզյան
A A
Հասարակություն

Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով քննության օրը հայտնի է

Հուլիսի 31-ին տեղի կունենա առաջին դատական նիստը՝  13 տարի առաջ ոստիկանության բաժնում  հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու փաստով։     Գործը մակագրված է  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։

Գործով կա երկու ամբաստանյալ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը եւ  նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը։ 

 Նրանք մեղադրվում են խմբով, դիտավորությամբ  բռնություն  եւ  հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց  լիազորությունների շրջանակից եւ  էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին։
Գործով տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ա1+»-ի հետ զրույցում հույս հայտնեց,որ

դատարանը կգնահատի նաեւ խոշտանգման փաստը, թեպետ խոշտանգումը դատապարող խիստ դրույթը գործում է 2015թ-ից. «Կոնվենցիայով արգելված է եղել խոշտանգումը, դատարանը միանշանակ պետք է ճանաչի դա,  քանի որ հակագազով նպատակ են ունեցել ցուցմունք կորզել։  «Դատարանը իրավունքը զարգացնող քայլեր պետք է կատարի,  մեղավոր ճանաչի ամբաստանյալներին, ինչպես  նաեւ անդրադարձ կատարի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կարգավորումներին՝ այն է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը»։

Այս ընթացքում նշանակվել է նաեւ հոգեբանական փորձաքննություն՝ տուժողի հոգեբանական տառապանքը պարզելու համար։

   Ի դեպ, ՀՔԾ-ում հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, քանի որ այլ մարդիկ էլ են մասնակցել ցուցմունք կորզելու դեպքին։