Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Օլիգարխների դղյակների համեմատ, այո, սրանք սարայներ են»․Ֆիրդուսի պաշտպանները հանցագործության մասին են ահազանգում (տեսանյութ)

Երևանի Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց հիման վրա «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախորդ շաբաթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Տեղեկատվությունը այսօր լրագրողներին փոխանցեց կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ
իրենց  հաղորդման հիման վրա  պատշաճ իրավական ընթացակարգով տեղի կունենա նյութերի նախապատրաստումը։

Մարտիրոսյանի խոսքով՝ 33-րդ թաղամասի հետ կապված իրավական գործընթացը սկսվել է 2006-2007 թվականին, իսկ 2008 թվականին, Կառավարության որոշմաբ հանրային գերակա շահ է հռչակվել, սակայն ծրագիրը չի իրականացվել և ձախողվել է։

«Այս ամենից հետո 2018 թվականի մարտի վերջին դարձյալ տարածքը հռչկավում է  գերակա հանրային շահ, ձեռք բերող ճանաչվում է մի ընկերություն, որի հիմնադիրը նույն էդուարդ Մելիքյանն է, նախկին արդեն չիրականացված ծրագրերով ներգրաված կազմակերպությունների հիմնադիրը»։ 

Մարտիրոսյանը պնդում է՝ Կառավարությունը հրաժարվում է  հրապարակել այսօրվա դրությամբ այն ֆինանսական երաշխիքները,  որոնք տվել են կազմակերպությունները։ Հենց այս գործընթացներն էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հիմք են ծառայել

«Մասնավորապես քաղաքաշինության պետական կոմիտեն, որը պետք է իրականացներ մրցույթեր քաղաքաշինական լավագույն լուծումներով  տարածքի կառուցապատում իրականցնելու համար, որևէ քայլ չի ձեռնարկել այս տեսանկյունից, Կառավարությունը որևէ ձևով չի արձագանքել համապատասխան կազմակերպության պաշտոնական անփութությանը»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն իր հերթին նշեց, որ մեծ սպասումներ չունի իրավապահ մարմիններից, մինչդեռ իրեն վրդովվեցրել են իշխանությունների  արձագանքները

«Ասում են՝ ուր է այնտեղ մշակութային արժեք, այնտեղ սարայներ են։ Այդ արտահայտությունը ես լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսած, երբ սկսել էր շահարկվել գերակա շահը։ Ինչու չի արձագանքում ներկայիս իշխանությունը՝ ինչի՞ հետ  են համեմատում ու ասում, որ, օրինակ, Երևանի 100 տարվա պատմություն ունեցող շինությունները սարայներ են։ Եթե համեմատում են նորադուրսպրծուկ օլիգարխների տների հետ, այո, սրանք սարայներ են, որովհետև այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, դռների ոսկեզօծ բռնակներ, բայց սա մեր պատմության մի մասն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ Երևանը դառնա քառակուսի ստանդարտ մի տարածք»,- նշեց իրավապաշտպանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ Հյուսիսային պողոտան, օրինակ, գեղեցիկ է, բայց այն Երևանը չի ներկայացնում։

Կարապետյանցը համոզված է՝ սա երևանաբնակների համար բացառիկ հնարավորություն է միավորվել և պայքարել սեփական իրավունքների համար։

«Մարդու իրավունքների հետազոտության» կենտրոնի գործադիր տնօրեն  Անահիտ Սիմոնյանը տեղեկարցեց,  որ նամակ են ուղղել պատգամավորներին, ԱԺ  մշտական հանձնաժողովներին, քանի որ ԱԺ յուրաքանչյուր հանձնաժողով այստեղ անելիք ունի  

«Կառավարությանը կոչ եմ անում այս գործընթացի իրավունքահենքությունը և մարդակենտրոնությունը վերականգնել, որովհետև այսպես չի կարող շարունակվել։ Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո», -նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այստեղ  պետության մոտեցման, քաղաքականության, խնդիր կա, և պետությունը պետք է ունենա քաղաքաշինական այնպիսի քաղաքականություն, որը բխում է  բավարար բնակարանային պայմանների ապահովման իրավունքից, բավարար սոցիալական  պայմանների և սոցիալական պաշտպանության իրավունքից, մշակութային իրավունքների պաշտպանությունից։ 

Արվեստագետ, թաղամասի բնակիչ Արա Շահումյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո իրավական երկիր կառուցելու ակնկալիք են ունեցել, մինչդեռ այսօր պետությունը 200 միլիոնի համար այսքան մարդկանց անհանգստացնում է, ինչը, ըստ նրա, աբսուրդ  է։

 «Եթե սեփականության իրավունքը խախտվում է, արդեն խախտվում է Սահմանադրությունը, սա մշակույթ է, որը 30 տարի մտել է մեր քաղաքական, տնտեսական, օլիգարխիկ համակարգի մեջ, և այդպես փող են աշխատում»։

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի» անդամ Սերգո Տոնոյանը հիշեցրեց, որ նախագիծի հեղինակը Երևանի նախկին քաղաքապետ Նարեկ Սարգսյանն է, Տոնոյանը համոզված է՝ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը։

Տոնոյանը տեղեկացրեց՝ իրենց կոմիտեն մշակել է նախագծային մրցույթի փաթեթ, որը կհրապարակեն այսօր և կփորձեն մրցույթ անցկացնել մասնագիտական համայքում։

«Ֆիրդուս» հիշողության գրքի համահեղինակ, գլխավոր խմբագիր, Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանի հետ Ֆիրդուսի թաղամասում իրականացրինք շրջայց, զրուցեցինք բնակիչների հետ։ Նրանցից ոմանք պնդում էին՝ չեն պատրաստվում լքել իրենց բնակարանները, պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց իրավունքների համար․ կային բնակիչներ էլ, ովքեր դժգոհում էին թաղամասում այս պահին եղած պայմաններից և պատրաստ էին լքել տարածքը համապատասխան առաջարկից հետո։