Բացել լրահոսը Փակել լրահոսը
վերոնիկա
A A
Հասարակություն

Համալիրի մահճակալներն այլեւս պետք չե՞ն կամ ո՞ւմ է թույլատրված երգել (տեսանյութ)

Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան քիչ առաջ տեսանյութ է  հրապարակել Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգային փորձից։   Նա  եւս մասնակցում է «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնին,որը տեղի կունենա  հուլիսի 10-28-ը Երևանում։

Այսօր ավելի վաղ  կազմակերպիչները՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, մանրամասներ էին հայտնել։ Տեղի կունենա  9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ 

Համալիրում կազմակերպվող այս  իրադարձությունը զարմացրել է հանրությանը․ նրանք շատ լավ հիշում են  այն մահճակալները, որոնք տեղադրված էին այնտեղ՝ կորոնավիրուսով հիվանդների համար։

ՀՀ իշխանությունը պատրաստվում է կրկին երկարաձգել արտակարգ դրությունը, քանի որ վտանգը չի վերացել, հետեւաբար ենթադրվում է՝  համալիրի մահճակալների անհրաժեշտությունը դեռեւս կարող է լինել։ (Քանի որ ժամը ուշ էր, մեզ այս պահին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ԱՆ-ից՝ արդյո՞ք մահճակալները հավաքվել են-խմբ)

Երաժշտական հայ հանրությանը այս փաստը ոչ միայն զարմացրել, այլեւ վրդովվեցրել է , որովհետեւ  իրենք արդեն քանի ամիս է զրկված են փորձեր անելու հնարավորությունից՝  պարետատան սահմանափակումների պատճառով։   Իսկ նման դադարը խիստ բացասական է ազդում  կատարողականի վրա։  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ  հուլիսի 7-ին հայտարարել էր, որ ամենառիսկայիններից է   երգեցողությունը, «քանի որ մեծ քանակի վիրուսային մասնիկներ են արտաշնչվում  շրջակա միջավայր եւ հնարավոր է վարակեն կողքի մարդկանց»։

Իսկ  «Music 20»  կազմակերպիչները խոստանում են՝  միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվել հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները:

  Ըստ նրանց՝ COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, և ոչ միայն Հայաստանում։

«Աշխարհահռչակ արտիստներ կժամանեն Հայաստան‚ և Հայաստանը կլինի այն կենտրոնը‚ որին իրենց հայացքը կուղղեն դասական երաժշտության սիրահարները։ Մենք ակնկալում ենք ավելի քան 100 000 առցանց դիտումներ»‚- այսօր ասել էր Սերգեյ Սմբատյանը։  Իսկ թե ինչպես են թռիչքներ չլինելու դեպքում՝ նրանք ժամանել Հայաստան, կներկայացնենք վաղը։