Բացել լրահոսը Փակել լրահոսը
sss
A A
Հասարակություն

Sevan Startup Summit 2020-ը  չեղարկվել է

Արտակարգ իրավիճակի երկարաձգման և  սահմանափակումների հետևանքով չեղարկվել է Sevan Startup Summit 2020-ը, որն այս տարի նախատեսված էր  հուլիսի 26-ից օգոստոս 1-ը։

Sevan Startup Summit –ի տնօրեն Վահագն Ռափյանը «Ա1+»-ի հետ զրույցում  հայտնեց, որ նախապատրաստական որոշ աշխատանքներ արվել էին, թեեւ  մարտ ամսից արդեն պարզ էր, որ այս տարի դժվարություններ էին սպասվում։

«Նախորդ տարի մեր մասնակիցների 40%-ը արտասահմանից են եղել և ենթադրվում էր, որ այս տարի չենք կարող ընդունել տարբեր երկրներից մասնակիցներ, սակայն հույս ունեինք՝ կկարողանանք տեղի մասնակիցների հետ իրականացնել Սևանում և իսկ իրենց համար առցանց տարբերակով կփորձեինք կազմակերպել»,- ասում է Վահագն Ռափյանը։

Sevan Startup Summit-ի կարևոր առանձնահատկություններից է, որ մասնակիցները միասին կենցաղ կիսեն, իրական շփում լինի բնության մեջ,համատեղեն աշխատանքն ու ժամանցը։ Առցանց տարբերակով, ըստ նրա,  պարզապես անհնար է ապահովել համաժողովի այս առանձնահատուկ պայմանը։

Վահագն Ռափյանի խոսքով՝  հնարավոր է այլ ծրագիր ներկայացնեն աշնանը, բայց քանի որ ամեն ինչ կախված է զարգացումներից, չի կարող որևէ հայտարարություն անել։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit -ը վրանային  հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: