Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպման վերաբերյալ (տեսանյութ)

Հուլիսի 7-ին կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցեցին Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն անդրադարձավ Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և շեշտեց, որ դրանց հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: