Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանե
A A
Հասարակություն

Վարչապետը ստացել է «Բիլայն»-ի աշխատակիցների նամակը․ խոսնակ

«Բիլայն»  ընկերության շուրջ 300  աշխատակիցներ   դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորել անձամբ միջամտել «Բիլայն» ընկերության վաճառքի գործընթացին։ 

Աշխատակիցները դեմ են, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին։ Մտահոգություն ունեն,  որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ նամակը ստացել են, անհրաժեշտության դեպքում վարչապետն անպայման կարձագանքի

«Այս պահին ՀԾԿՀ-ն և ՏՄՊՊՀ-ն քննարկում են «Վեոն Արմենիա»-ի դիմումը, անհրաժեշտության դեպքում վարչապետը անպայման կարձագանքի՝  հաշվի առնելով, որ հարցը գտնվում են մասնավոր տիրույթում, և մեր տեղեկություններով՝ երկու ընկերությունների միջև հիմա բանակցություններ են ընթանում»։

Վարչապետի մամուլի խոսնակը հույս հայտնեց, որ գնորդ կազմակերպությունը կգտնի լավագույն լուծումը, և աշխատակիցներին հուզող հարցերին կտրվեն պատասխաններ

«Մենք հույս ունենք, որ գնորդ կազմակերպության կողմից կիրականացվի հնարավորը՝  «Բիլայնի» աշխատակիցներին հուզող հարցերին լուծումներ տալու և զանգվածային կրճատումներից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման  վերաբերյալ վարչական վարույթում առկա  փաստական հանգամանքների  հարցը։