Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իմացեք՝ ում եք սպառնում․ Ալումյանը՝ դատախազին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ 

Գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։  Այսօրվա դատական նիստին մասնակցում են բոլոր մեղադրյալները։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ  Հովհաննես Խուդոյանը նախ նշեց, որ դատավարության ամբողջ ընթացքում դատարանը հետամուտ չի լինում ապահովելու կողմերի պատշաճ վարքագիծը, նրա պնդմամբ՝ մեղադրանքի կողմը իր ելույթներում զսպվածություն չի ցուցաբերում։

Այնուհետև Խուդոյանն անդրադարձավ մեղադրող դատախազների միջնորդությանը՝ նշելով, թե միջնորդության որոշ հատվածի բնութագրող բառը սուտն է։

«Այս ինֆորմացիային առնվազն իմ սերնդակիցների մոտ արձագանքը շատ կարճ էր լինում, որոշակի արտահայտություններով սահմանափակվում էին սուտ խոսք ասող անձի հասցեին ու անցնում էին առաջ», - ասաց Խուդոյանը։

Նրա այս հայտարարությունը դուր չեկավ մեղադրող դատախազներից Գևորգ Բաղդասարյանին։

«Հարգելի դատարան, կարգի եք բերում դատավարության մասնակցին, որովհետև ես իմ իմացած տերմինաբանությամբ կպատասխանեմ նրան, իմ տարեկիցների մոտ էլ տերմիններ կան, որոնք դուք չեք կարող իմանալ», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց զերծ մնալ վիրավորական արտահայտություններից և վկայակոչել միայն իրավական փաստարկներ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ հորդորեց դատարանին կիրառել կոնկրետ ժամանակային սահմանափակում։

Իրավիճակին արձագանքեց նաև Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Վերջինս  պնդեց՝  անբարեխիղճ է օգտագործվում դատավարական գործիքակազմը և պաշտպանական կողմը անհարգալից է վերաբերվում դատարանին, մինչդեռ դատարանը ցուցաբերում է անգործություն․

«Մեղադրող կողմը կիսասպառնալից, թե իրականում սպառնալից բաներ է ասում, մեզ պետք չի սպառնալ, մեզ էնքան են սպառնացել, այդ թվում, նաև ձեր գիտությամբ, որ արդեն էլ ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու, համ էլ իմացեք՝ ում եք սպառնում», - ասաց Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ հունիսի  23-ի նիստում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել, խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս իրենց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։