Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20200513_150024
A A
Պաշտոնական

Տեսչական մարմինը Վարդենիսում իրականացվող շինաշխատանքների գործով դիմել է դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ՀՀ Գեղարքունիքի տարածքային բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրություն է կատարվել Վարդենիս համայնքի Լեռնագործների 1/2 բազմաբնակարան շենքի հարևանությամբ իրականացված և Լեռնագործների 3 հասցեներում շինարարական աշխատանքների նկատմամբ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեներում իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ առանց սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրամադրված շինարարության թույլտվության։

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումների արդյունքում գրություններ են ուղարկվել Վարդենիս համայնքի ղեկավար Ա Մելքոնյանին, որով նա տեղեկացվել է, որ համայնքի նշված երկու հասցեներում կատարվում են ապօրինի ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Գրությամբ համայնքի ղեկավարը նաև տեղեկացվել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ շինաշխատանքները դադարեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու, որից  հետո արդյունքների մասին ՔՏՀԱ Տեսչական մարմնին տեղեկացնելու վերաբերյալ: 

2020թ մայիսի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարից ստացվել է գրություն՝ համաձայն որի նշված հասցեներում շինարարական աշխատանքները դադարեցվել են և սեղմ ժամկետում օրենքով պահանջվող փաստաթղթերը կներկայացվեն Տեսչական մարմին։  

Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ 

2020թ հունիսի 4-ին Տեսչական մարմնի կողմից համայնքի ղեկավարին ուղարկվել է արդեն երկրորդ գրությունը, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին