Բացել լրահոսը Փակել լրահոսը
arman
A A
Քաղաքականություն

Ալվինա Գյուլումյանին և Հրայր Թովմասյանին ես դատավորներ չեմ համարում. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները նամակով դիմել են երկրի  նախագահին՝ կոչ անելով կատարել օրենքով սահմանված լիազորությունները, «ցուցաբերել քաղաքական կամք՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու և փոփոխություններին մասնակից լինելու հարցում»։

Նրանք  նախագահական նստավայրի մոտ էին։

Նախաձեռնության հիմնադիր,  պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով նախագահ Արմեն Սարգսյանի պասիվ վերաբերմունքը այս հարցում առաջացնում է կասկածներ, թե ինքը ում օգտին է գործում։

«Այս ճակատագրական պահին նախագահն ունի պասիվ դերակատարում, նա պետք է  փոխի, վերստանձնի քաղաքական դերակատարումը։ ՍԴ-ում փոփոխությունները  որևէ խնդիր չունեն օրինականության հետ, նախագահի այսպիսի վերաբերմունքը առաջացնում է այն կասկածը, թե ում օգտին է ինքը գործում։ Ինչպես 2018թ-ի ապրիլի 21-ին սպասում էին նախագահին հրապարակում, այնպես էլ այսօր ։ Նախագահը մեր կասկածները կփարատի, եթե առանց 21-օրյա ժամկետի ավարտի և ԱԺ-ի կողմից փոփոխությունների փաթեթի ընդունման, առաջադրի մեկ թեկնածուի դատավորի պաշտոնում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Նախագահը հայտարարել էր, որ չի ստորագրելու այդ փաթեթը։

Արման Բաբաջանյանի  խոսքով ՍԴ-ն տարիներ շարունակ նպաստել է նախկին հանցավոր ռեժիմի շարունակական գործունեությանը.

«Մինչ օրս այս դատարանը  զբաղված է եղել հանցագործությունների պարփակմամբ և նպաստել է հանցավոր ռեժիմի գործելաոճի իրականացմանը։ Քոչարյանի գործով որոշումը դա պատասխան քայլ էր։ Ակնհայտ է, որ եղել էր ստվերային պայմանավորվածություն դատավորների և Քոչարյանի միջև։ Նախագահի պետք է նախաձեռնողականություն հանդես բերի։ Իր ակտիվ դերակատարումը դատարանում փոփոխություններ կատարելուն, արդարացված կլինի»։

Հարցին, թե արդյոք դատավորների կազմում մնացողները չեն շարունակելու նույնգործելաոճը նա պատասխանեց.

«Ալվինա Գյուլումյանին, Հրայր Թովմասյանին  դատավորներ չեմ համարում, նրանք նախկին դատավորներ են, ես որպես դատավորներ չեմ էլ նկատում իրենց։ Հույս ունենք, որ երեք նոր դատավորները կփոխեն հասարակության  վերաբերմունքը  ամբողջ դատարանի նկատմամբ»։

Բաբաջանյանը նշեց նաև, որ չի ափսոսում, որ քվեարկել է Վահե Գրիգորյան օգտին. «Նորմալ եմ ընդունում այն, որ չի հաճախել աշխատանքի, նա որևէ կերպ չի արատավորել ՍԴ դատավորի անունը, լեգիտիմությամբ չի կիսվել այդ դատարանի հետ»։

 Մանրամասները՝  տեսանյութում