Բացել լրահոսը Փակել լրահոսը
հերմինե
A A
Հասարակություն

Ի՞նչ անել, որպեսզի մեր անձնական տվյալները չհայտնվեն օտար մարդկանց ձեռքում

Ի՞նչ է նշանակում «ինքնության գողություն»։ Այն տարածված խնդիր է ամբողջ աշխարհում,  մեր երկրում նույնպես արդեն կան աղմկահարույց դեպքեր,- ահազանգում է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Ալեքսեյ Չալաբյանը, որն օրերս ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր՝ ադրբեջանցի հաքերների «անտի-արմենիա» թիմը, մի քանի հարյուր ՀՀ քաղաքացու անձնագիր/ԻԴ քարտի տվյալներ է հրապարակել։ Այսինքն՝ կողոպտվել է այս մարդկանց ինքնությունը։

Չալաբյանը մեր երկրի ներսում աղմակահարուց և լրջագույն հետևանքներ ունեցած դեպքերից հիշեցնում է հետևյալը․

 «Մարդը տաքսիում անձնագիրը մոռացել էր, հետո պարզվեց՝ բանկերում արդեն մի քանի միլիոն վարկեր ունի, այդ մարդը գտավ սա կատարողին, դիմեց ոստիկանություն, բայց այդ արարքը կատարողը մինչև հիմա ազատության մեջ է, իսկ անձնագրի տերը բոլոր բանկերի սև ցուցակում է»։

Չալաբյանը հասարակությանը խորհուրդ է տալիս սեփական տվյալների հետ զգույշ վարվել, անձնագրի պատճեն չվստահել ամեն մեկին․

«Հիմա շատ տարածված է անձնագրի սքանը մեյլով ուղարկելը, ոչ ոք չի մտածում՝ արդյո՞ք այդ մեյլը մի քանի տարի հետո որևէ մեկը չի ջարդի, արդյո՞ք այդ փոստային արկղի անվտանգությունն ապահովված է»։

Չալաբյանը իր պրակտիկայում հիշում  է դեպք, երբ մի տարի առաջ ջնջված տվյալները վերականգնվում են և հրապարակվում առանց որևէ հանցավոր միտումի․

«Մի քանի վարկային համակարգերում մարդկանց վրա օնլայն կարելի է վարկ գրանցել զուտ անձնագրի սքանով, սա ամենապարզունակ ռիսկն է»։

Մասնագետը կարծում է՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետք է բարձրացնել մարդկանց գրագիտությունը

«Պետք է Յութուբում իրազեկող հոլովակներ  լինեն, պետք է ավելի հաճախ խոսել իրական պատմություններից, սա երրորդ արտահոսքն է մեկ ամսվա մեջ, երբ հայերի տվյալները հայտնվոմ են ադրբեջանցի հաքերների ձեռքում, այդ պատճառով պետք է ակտիվանա պետության պատժիչ գործառույթը, այսինքն՝ ում մոտից եղել է արտահոսք, ինքը պետք է պատասխան տա դրա համար»։

Բանախոսը  կարևորում է առհասարակ կիբերանվտանգության հարցը և այս առումով մարդկանց իրազեկվածությունը․

«Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք՝ ոնց փողոցը անցնել, ոնց դուռը փակ պահել, անծանոթ մարդկանց հետ չխոսել, անծանոթ մարդկանց մեքենաները չնստել, բայց մենք ո՛չ երեխաներին, ո՛չ մեծահասակներին վիրտուալ տիրույթում բազմաթիվ հանցագործություններից պաշտպանվել չենք սովորեցնում, ինչը պարարտ հող է ստեղծում տեղական, միջազգային, թշնամական բազմաթիվ հանցագործությունների համար»։