A
A
Ընդունելություն-մրցույթ՝ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած: Այս նպատակին հասնելու առաջին քայլի մեկնարկը տրված է․ Ոստիկանությունը հայտարարում է նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ։
- Ընդհանուր տեղեկություն՝ Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց և Ոստիկանության ծառայողների համար․
- Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երևան քաղաքը:
- Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երևան քաղաքը:
- Ուսուցման տևողությունը 5 ամիս է:
- Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային):
- Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:
- Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին․
- Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
- Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ծառայողները, բացառությամբ.
- հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
- 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.
- զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:
- Դիմորդի (ծառայողի) տարիքը և ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ:
- Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 770 տեղ, որից 540 տեղը արական սեռի դիմորդների (ծառայողների) համար, իսկ 230 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար:
- Դիմորդները (ծառայողները) առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում չեն թույլատրվելու ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ ԿԱ ոստիկանության պետի և ՀՀ առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված՝ ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկին համապատասխան (16.05.2003թ. թիվ 6-Ն և 19.05.2003թ. թիվ 361-Ն):
- Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, որտե՞ղ և ի՞նչ ժամկետում․
- Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ, անձնագրի փոխարեն, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝պատճենով.
- Դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում).
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով.
- 4 լուսանկար (4x6 չափսի).
- զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար) կամ դրանով հաստատվող փաստերը հավաստող տեղեկանք զինվորական կոմիսարիատից՝ կնիքով.
- մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.
- տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից.
- «B» կարգի վարորդական վկայականը՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում).
- կրթության մասին վկայականում Հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած լինելու մասին նշման բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը:
- Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Odnoklassniki և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:
- Ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը: Ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 12-րդ կետում նշված տեղեկությունները։
- Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:
- Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
- Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, Կրթահամալիրում ստուգումներին մասնակցելու համար ստուգման թերթը ստանալիս ընդունելություն-մրցույթի գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական Հայաստանի Հանրապետության դրամ (ընդհանուրը 3000 ՀՀ դրամ): Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:
- Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:
- Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:
- Ի՞նչ ստուգումներ են անցնելու դիմորդները ընդունելության մրցույթի համար․
- Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.
- ֆիզիկական պատրաստականության ստուգումը.
- մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:
- Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
- Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
- Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
- Անհարգելի պատճառով ստուգուման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
- Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
- Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:
- Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։
- Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:
- Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը:
- Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝
- ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,
- ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր:
- Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
- Այլ տեղեկություններ․
- Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
- Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
- առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
- մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
- կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
- անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
- Ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
- ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
- ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
- ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
- Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ կրթահամալիրի պետի հրամանով:
- Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:
- Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), սույն թվականի հուլիսի 07-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ, բացի կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
- Դիմորդների փաստաթղթերի ընդունման աշխատանքների ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, նախքան փաստաթղթերը կրթահամալիր ներկայացնելը անհրաժեշտ է անցնել նախնական հերթագրում: Այդ նպատակով անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 06-ից սկսած, աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 17.30-ն զանգահարել +37410 772085 կամ +37410 772038 հեռախոսահամարներով, հայտնել դիմորդի անուն, ազգանունը և կրթահամալիրի աշխատակցից իմանալ փաստաթղթերը ներկայացնելու` իր համար նշանակված օրը և ժամը: Հերթագրումը կարող է կատարվել նաև [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին դիմորդի անուն ազգանունը ուղարկելու և պատասխան նամակով առաջարկված օրը և ժամը կրկնակի նամակով հաստատելու ձևով:
- Կրթահամալիրի տարածք մուտք գործելը թույլատրվում է միայն դիմակով:
- Ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն սույն թվականի հուլիսի 07-ից մինչև օգոստոսի 07-ը ներառյալ:
- Ընդունելություն-մրցույթի ստուգումները կանցկացվեն սույն թվականի սեպտեմբերի 01-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ:
- Նախատեսված ժամկետները կարող են փոփոխվել` պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն