Բացել լրահոսը Փակել լրահոսը
shafi3 (1)
A A
Հասարակություն

Խորոված սիրող հնդիկ կամավորը գիտի ինչպես հաղթել  կորոնավիրուսին

«Մի քանի տարի առաջ եկա Հայաստան հանգստանալու, խորովածի համը մնաց բերանս, մնացի»,- կատակում է  Շաֆի Ալ Կապրիոն, որը  Հնդկաստանի Մադրաս (Չենայ) քաղաքից է։

 Նրա հետ զրուցում ենք տեսակապով, քանի որ երկու օր է Երեւանից  մեկնել է հայրենիք՝  հարազատներին տեսակցության։

Մեր հարցերին հայերեն է պատասխանում, նշում  է՝  հակառակ դեպքում չէր կարողանա  Հայաստանում ապրել․  «Խանութում չգիտեի՝ ինչպես բացատրել, որ բրինձ եմ ուզում»։ 

Շաֆի Ալ Կապրիոն սովորում է  Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում, սրտանոթային վիրաբուժության բաժնում։

 Երբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, նա համալրեց կամավորների շարքերը։

Կամավորություն է արել Աղավնաձորի մեկուսարանում,  հետևել մեկուսացած կոնտակտավոր քաղաքացիներին։

Ըստ Շաֆիի՝ վիրուսի այսչափ տարածումը կարելի է կանխել՝ լսելով կանանց․ «Ինչքան էլ ասեն տան որոշում կայացնողը տղամարդն է, միևնույնն է, կնոջ ազդեցությունը շատ մեծ է, եթե նա ամուսնուն տանից դուրս գալուց առաջ ասի՝ դիմակդ դիր, նա կդնի»։ 

Շաֆի Ալ Կապրիոն , որը նաեւ հումորիստ է,  սթենդափավար,  պնդում է՝  սա ամենայն լրջությամբ է ասում․  ապացույց ունի․ Հնդկաստանում համայնքներից մեկը, որի ղեկավարը կին է, չկա կորոնավիրուսով վարակված ։

Պատմում  է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հնդկաստանում նույնն են կորոնավիրուսի վերաբերյալ միֆերը։

«Էս առումով էլ են հնդիկներն ու հայերը բարեկամներ։  Հնդկաստան ոտքս դրեցի ու առաջին զրույցը էդ մասին էր․ «Շաֆի, բա մենք կմեռնենք շուտով, մեր գլխի մեջ սարք (չիպ)են դնելու»,- ծիծաղում է։

Հնդկաստան հասնելուն պես մեկուսացել է՝ երկրում հայտարարված արտակարգ դրության կանոններին համապատասխան։ Բայց նաեւ օգնում է այդ մեկուսարանի աշխատողներին որպես  բժիշկ։ 

Մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել։Ասում է՝ 3 ամսում 11 անգամ թեստ է հանձնել , ու բարեբախտաբար, միշտ արդյունքը բացասական է եղել։

Շաֆին դեռ երկու  օր է՝ հասել է Հնդկաստան, բայց  վստահեցնում է՝ արդեն անհամբեր սպասում է Հայաստան վերադարձին։

 Լուսանկարները՝ Շաֆի Ալ Կապրիոյի  ֆեյսբուքյան էջից