Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց, հուլիսի 3. Այս օրը վերագործարկված 2-րդ էներգաբլոկն ամեն օր արտադրում է 400 ՄՎտ էներգիա (տեսանյութ) (տեսանյութ)

1995-ի հուլիսի 5-ին մեր երկրում առաջին գումարման ԱԺ ընտրություններն էին, որ զուգահեռվում էին Սահմանադրության հանրաքվեով։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանական 190 տեղից միայն 16-ը բաժին հասավ քաղաքական ընդդիմությանը, իսկ Սահմանադրությունն ընդունվեց։ ԿԸՀ ընդդիմադիր անդամները չեն ստորագրում Սահմանադրությունն ընդունված համարող ամփոփիչ արձանագրությունը՝ համարելով. որ խախտում է եղել։ Սահմանադրությունը կարող էր ընդունված համարվել, եթե դրա օգտին քվեարկեին ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելին։ Այդքան մարդ նույնիսկ քվեարկությանը չէր մասնակցել օրենքով սահմանված ժամկետում, եւ հենց ընտրական օրվա ընթացքում ԿԸՀ-ն, ինքնուրույն որոշմամբ, երկարացրեց քվեարկության համար հատկացված ժամկետը:

1995-ին վերագործարկվեց հայկական ատոմակայանը։ Տնօրեն Սուրեն Ազատյանը հավաստիացրեց, որ ատոմակայանի անվտանգությունը երաշխավորված է։ Այս օրը վերագործարկված 2-րդ էներգաբլոկը յուրաքանչյուր օրվա ընթացքում արտադրում է 400 ՄՎտ էլեկտրաէներգիա։

1999-ի հուլիսի 3-ին կառավարությունը հաստատեց սեյսմիկ ռիսկի նվազեցման 30-ամյա ծրագիրը, որ բաղկացած էր օպերատիվ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ենթածրագրերից։ «Իմ օրոք Հայաստանում մահվան դատավճիռ ի կատար չի ածվել եւ չի ածվի»,- 2001-ի այս օրը մեր երկրի նկատմամբ մոնիտորինգ իրականացնող ԵԽ նախարարների կոմիտեի խմբի ղեկավար Պիետրո Ագոյին հավաստիացրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեւանի քաղաքապետի հրահանգով 2001-ի հուլիսի 3-ին ապամոնտաժվում էին Հակոբ Հակոբյան փողոցի կրպակները; Դրանց տերերը խուճապի մեջ էին՝ ինչպե՞ս են մարելու վարկային գումարները, որոնք ներդրել են այս բիզնեսում։  Արտգործնախարար Վարդան Օսկանյանը լիահույս է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական տարածաշրջանային այցը դրական տեղաշարժ կարձանագրի։

2009-ի այս օրը ՀԱԿ երիտթեւը նամակ ուղարկեց ԵԽԽՎ Հայաստանի հարցի համազեկուցողներ Պրեսկոտին եւ Կոլումբիեին՝ մատնացույց անելով, որ ոտնահարվում է 16/77 բանաձեւի պահանջն, ըստ որի, մարտի 1-ի գործով կասկածյալները, մինչ հուլիսի 31-ը ինքնակամ ներկայանալով, կարող են մինչեւ դատավճռի հրապարակման պահը լինել ազատության մեջ։ Մյասնիկյան պողոտայի բնակիչ Սամվել Աբրահամյանն իր մեքենայով փակում է ավտոճանապարհը՝ բողոքելով այն փաստի դեմ, որ թաղամասի մոտ 60 ընտանիքի միակ ոտքի ճանապարհը դեպի կանգառ փակվել է։